«Ամբերդի» փորձագետը այցելել է ՀՀ-ում առաջին «խելացի» անասնաֆերմա

Դիտումների քանակ՝ 2353

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը այցելել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի նորաբաց «խելացի» անասնաֆերմա, որը Հայաստանում առաջինն է իր տեսակի մեջ: Այցը «Ամբերդի» արդյունաբերական գյուղատնտեսության ինովացիոն ծրագրերի ուսումնասիրության շրջանակում է եղել:

Սամվել Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անասնաշենքը կառուցվել է Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և CARD հիմնադրամի միջոցով իրականացվող «Կենդանիների առողջության կառավարում Հայաստանում և Վրաստանում, փուլ 2-րդ» ծրագրով: Այն նորարարական է հովացման, օդափոխության, լուսավորության և կենդանիների տեսահսկման հեռակառավարման համակարգերով: Արտաքինից անասնաֆերման ավելի շատ նման է ջերմոցի, քանի որ կառուցված է ջերմոցային կոնստրուկցիաների հիմքի վրա:

«Խելացի» անասնաֆերման փորձացուցադրական է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար: Քոլեջի տնօրեն Սամվել Հունանյանի և սեփականատեր Արմեն Ջաղինյանի հետ Սամվել Ավետիսյանը քննարկել է բիզնեսի ընդլայմանը և կադրերի վերապատրաստմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին