Կիրառական հետազոտությունների արժևորում. ՀՊՏՀ-ում կայացավ Լոռու մարզի զարգացման թեմայով աշխատաժողով
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ այսօր բուհում կայացավ աշխատաժողով՝ «Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի մշակում» խորագրով, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը և աշխատակազմը, նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Լոռու մարզպետարանի և համայնքների ներկայացուցիչներ, մարզի ֆերմերներ, գործարարներ, փորձագետներ, ՀՊՏՀ աշխատակիցներ, ուսանողներ, ինչպես նաև «Լոռու և Տավուշի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մոդել» թեմայով հետազոտական խմբի գիտնականները՝ ղեկավար, տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի գլխավորությամբ:
Բացելով հանդիպումը՝ ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը ներկայացրեց հետազոտական խմբի կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ծրագրերի շրջանակներում ձևավորված հետազոտական խումբը մարզի գործարարների և համայնքի ղեկավարների հետ անցկացված հարցումների արդյունքում վեր է հանել մի շարք խնդիրներ, որոնք ամփոփ կներկայացվեն աշխատաժողովում: Դիանա Գալոյանը նաև շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ հրավերն ընդունելու և աշխատաժողովին մասնակցելու համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ Տնտեսագիտական համալսարանի զարգացման առաջիկա ուղղություններից է լինելու այսպիսի քննարկումների կազմակերպումը, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արժևորել կիրառական հետազոտությունները: «Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակներում, որտեղ համալսարանների դերը պետք է վերագնահատվի և վերաարժևորվի, և համալսարանները պետք է տնտեսության զարգացման գործում լուրջ դերակատարում ստանձնեն»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը՝ հավելելով, որ ՀՊՏՀ-ն պետք է դառնա մի հարթակ, որտեղ շահագրգիռ բոլոր կազմակերպությունները կարող են քննարկումներ ծավալել և իրենց առաջարկները ուղղել կառավարությանը: Անդրադառնալով հետազոտական թեմային՝ բուհի ղեկավարը նշեց, որ այն արդիական է, ապա ավելացրեց, որ առաջիկայում համալսարանում կմշակվեն հետազոտական արդյունավետ մեխանիզմներ՝ այսօրինակ աշխատանքները շարունակելու համար, և ներկայացվող թեման այս համատեքստում գուցե առաջին աշխատանքը լինի: «Մենք հետագայում էլ հետևողականորեն իրականացնելու ենք այսպիսի հետազոտություններ: Տնտեսագիտական համալսարանը իր գիտահետազոտական ներուժով զորեղ կառույց է և կարող է նպաստել պետության տնտեսության զարգացման գործին»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Արմեն Գրիգորյանը նշեց, որ կենտրոնի սույն ծրագիրը կիրառական նշանակության հետազոտական ծրագիր է, որի արդյունքում մշակվել է Լուռու մարզի զարգացման մոդել, ինչը մեծապես կարող է նպաստել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ ի տարբերություն մարզային զարգացման այլ ծրագրերի, որոնք հիմնականում ամփոփում են մակրոտնտեսական ցուցանիշներ, այս ծրագրի շրջանակներում հետազոտողներն այցելել են մարզ, մարզի համայնքներ, զրուցել կոնկրետ մարդկանց և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և արդյունքում մշակել ծրագիր, որը ընդունելի կլինի բոլոր շահառուների համար:
Հետազոտական խմբի ղեկավար Զոյա Թադևոսյանը ներկայացրեց Լոռու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրների ուսումնասիրության հարցման արդյունքները՝ մանրամասն ներկայացնելով կատարված աշխատանքները, վեր հանված խնդիրները՝ ոչ միայն ըստ ոլորտների, այլև՝ ըստ համայնքների յուրահատկության: «Մարզն ունի լավ ռեսուրսներ, սոցիալ-տնտեսական զարգացման լավ ներուժ, բայց չի զարգանում, ո՞րն է խնդիրը»,- հետազոտական խմբի առջև ծառացած հարցը ներկայացրեց պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը՝ հավելելով, որ աշխատանքի արդյունքն այս հարցին տվել է մի շարք պատասխաններ, որոնց թվում են որակյալ մասնագետների պակասը, ներդրումային ռեսուրսների անբավարարությունը, գյուղտեխնիկայի մաշվածությունը կամ բացակայությունը և այլ հարցեր: Ամփոփելով զեկուցումը՝ խմբի ղեկավարը նշեց, որ մարզի զարգացման համար առկա են բարենպաստ պայմաններ, բայց հարկավոր են ֆինանսական ներդրումներ և աշխատասիրություն:
Զոյա Թադևոսյանը ներկայացրեց նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության և բիզնեսի զարգացման առաջարկների քննարկում» զեկուցումը, իսկ խմբի մյուս անդամները՝ տ.գ.թ., դոցենտներ Թադևոս Ավետիսյանը և Վահե Բուլանիկյանը հանդես եկան համապատասխանաբար «Ֆերմերների և գործարարների հետ հարցազրույցների արդյունքների ամփոփում» և «Բիզնեսի վարման պայմանների և մրցակցային միջավայրի հետազոտության արդյունքների ամփոփում» զեկուցումներով:
Աշխատաժողովն ուղեկցվեց աշխույժ քննարկումներով, մարզի զարգացմանը միտված առաջարկների ներկայացմամբ, մոտեցումների ճշգրտմամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին