«Ամբերդի» հետազոտողները մշակում են Տավուշի և Լոռու մարզերի տնտեսական զարգացման մոդել

Դիտումների քանակ՝ 3129

2018թ. ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնի հայտարարած դրամաշնորհային հետազոտությունների մրցույթի արդյունքում ձևավորվել է 2 խումբ, որոնցից մեկն իրականացնում է «Լոռու և Տավուշի մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման մոդել» թեմայով հետազոտություն: Հունվարի 18-ին կայացավ նշված հետազոտության հաշվետվությունը: Ղեկավարն է տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը, համակարգողը՝ տ.գ.թ., դոցենտ Վահե Բուլանիկյանը, կատարողներ՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյան, տ.գ.թ., դոցենտներ Նարեկ Կեսոյան, Թադևոս Ավետիսյան, ասիստենտ Ալբերտ Հայրապետյան, տնտեսագիտության տեսություն մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Լիանա Իսայան, արտաքին առևտրային քաղաքականություն մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Համլետ Մկրտչյան:
Սեմինարին մասնակցում էին «Ամբերդի» տնօրեն Արմեն Գրիգորյանը, փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, աշխատակիցները:
Հետազոտողները ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին Լոռու և Տավուշի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակը, սոցիալ-տնտեսական զարգացման նախնական մոդելը: Զեկուցողներն էին Լիանա Իսոյանը, Համլետ Մկրտչյանը, Նարեկ Կեսոյանը:
Մեզ հետ զրույցում, ներկայացնելով ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը, Զոյա Թադևոսյանն ասաց, որ այն բազմաշերտ է:
«Նշված երկու մարզերում կատարում ենք ուսումնասիրություններ՝ համագործակցելով օրինակ բիզնես շրջանակների, ֆերմերների, փորձագիտական խմբերի, ինչպես նաև բանկային համակարգի պատասխանատուների հետ, որոնք վարկավորման առաջարկներ ունեն»,-նշեց պրոֆեսորը:
Արմեն Գրիգորյանն էլ հավելեց, որ առաջիկայում 2 հետազոտական ծրագրերի շրջանակում տեղի կունենան սեմինարներ, որոնք կհանրայնացնեն հետազոտական արդյունքները, ինչպես նաև, ուսումնական տարվա ավարտին, կկազմակերպվեն հանդիպումներ հանրային քննարկման ձևաչափով, իսկ վերջնարդյունքը հունիսին կներկայացվի ՀՀ կառավարությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին