Մեկնարկեց «Աշխատելու հնարավորությունները» խորագրով միջազգային սեմինարը

10.09.2021
Դիտումների քանակ՝ 1417

Հայաստանում են գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը և ասոցիացիայի ներկայացուցիչ, Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսը։ Հայաստանում և մասնավորապես Տնտեսագիտական բուհում հյուրընկալվելու նպատակը ասոցիացիայի և ՀՊՏՀ-ի միջև համագործակցության շրջանակներում անցկացվող միջազգային սեմինարների շարքն է։ «Աշխատելու հնարավորությունները» խորագրով սեմինարի/դասընթացի մեկնարկը տրվեց այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանի խոսքով՝ սեմինարների ընթացքում փորձով և գիտելիքով փոխանակվելու բացառիկ հնարավորություն կունենա մրցույթի արդյունքում ընտրված շուրջ մեկ տասնյակ ուսանող ՀՊՏՀ-ից և ԵՄ տարբեր երկրներից (Դանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան) Հայաստան ժամանած մոտ 30 մասնակից։ Ծրագրի կազմակերպիչները հոգ են տանում, որ սեմինարներին մասնակցությունից բացի, օտարերկրյա հյուրերը հասցնեն գոնե մասամբ ճանաչել Հայաստանը, համտեսեն տեղական խոհանոցի խորտիկները, շփվեն հայ երիտասարդների հետ, որպեսզի մեր երկրից և մասնավորապես ՀՊՏՀ-ից հեռանան միայն լավ տպավորություններով։

Միջազգային սեմինար/դասընթացի բացման խոսքում «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի ներկայացուցիչ, Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնի տնօրեն Ալեքսանդրս Փոստսը շնորհակալություն հայտնեց համալսարանին ջերմ հյուրընկալության համար։ Նա նշեց, որ արդեն իսկ տպավորված է մեր երկրի և ժողովրդի ջերմ վերաբերմունքից և կասկած չունի, որ սեմինարն արդյունավետ է լինելու՝ նոր դռներ բացելով հետագա համագործակցության ընդլայնման համար։

Մեզ հետ զրույցում ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը նշեց, որ տպավորված է Հայաստան իր նախորդ այցելությունից, և այն արդյունքները, որոնք գրանցել են ՀՊՏՀ-ի հետ նախորդ գործակցությունից, հույս ունի տեսնել նաև այս անգամ։

«Որոշեցինք միջազգային սեմինարների շարքն այս անգամ ևս անցկացնել Տնտեսագիտական բուհի հետ համատեղ, քանի որ ծրագրի հենց սկզբից մեզ հիացրել է բուհի պատրաստակամությունը և ջերմ վերաբերմունքը մեր ծրագրերի նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ մենք նմանատիպ ծրագրեր ենք իրականացնում նաև այլ երկրներում՝ Գերմանիա, Իսպանիա և այլն, իսկ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին միջազգային սեմինարներ ենք ունենալու Բեռլինում։ Ուրախությամբ պիտի նշեմ, որ այդ սեմինարներին մենք որոշ տեղեր տրամադրելու ենք նաև հայ ուսանողներին, որոնք հիմնականում կներկայացնեն Տնտեսագիտական համալսարանը։ Կարծում եմ՝ դա խթան կհանդիսանա ուսանողների համար՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու նմանատիպ ծրագրերում»,- նշեց Դավիթ Բուդաղյանը։

Կարևորելով «Կոպեռնիկուս Բեռլին» ծրագրի շրջանակում իրականացվող միջազգային կրթական ծրագրերն ու ուսանողների առջև բացվող հեռանկարները՝ Դավիթ Բուդաղյանը նշեց, որ ասոցիացիան խիստ կարևորում է փորձի փոխանակումը տարբեր մասնագիտությունների տեր անձանց և ուսանողների միջև․ «Ինչպես փորձն է ցույց տալիս, նման ծրագրերի արդյունքում սովորաբար ծնվում են նոր ծրագրեր, նոր գաղափարներ, որոնց հեղինակները լինում են հենց մասնակիցները։ Քանի որ մենք հիմա Հայաստանում ենք, ես առավել քան վստահ եմ, որ կծնվեն նոր ու հետաքրքիր մտքեր, որոնց մեջ մեծ դեր է ունենալու Տնտեսագիտական համալսարանը»։

Նշենք, որ ՀՊՏՀ-ի և «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում նախատեսվում է սեմինարների շարք անցկացնել նաև սեպտեմբերի 15-ից 23-ն ընկած ժամանակահատվածում՝ «Փոխել մարդուն, ոչ թե կլիման» խորագրով։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և միջազգային կրթական ծրագրեր իրականացնող գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև այս տարեսկզբին սկիզբ առած համագործակցությունը բավականին արդյունավետ է զարգացել։ Տնտեսագիտական բուհի ուսանողներից արդեն իսկ ընդգրկված են միջազգային կրթական և փորձառության ծրագրերում, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները և ծանոթանալ միջազգային աշխատաշուկային։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին