Տնտեսագիտական համալսարանն անդամակցել է տուրիզմի հայկական ֆեդերացիային. փոխգործակցության օրակարգը հագեցած է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ: Այսօր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հյուրընկալեց ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանին և աշխատակիցներին՝ քննարկելու երկուստեք համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, բաժնի աշխատակից Նարինե Էլիզբարյանը:
Շնորհակալություն հայտնելով Մեխակ Ապրեսյանին ՀՊՏՀ անդամակցության դիմումն ընդունելու համար՝ Դիանա Գալոյանը հույս հայտնեց, որ այդ անդամակցությունը շատ արդյունավետ կլինի: Նա նշեց, որ մեր համալսարանը շատ է կարևորում կրթական ծրագրերում գործատուների պահանջները արտացոլելու խնդիրը, ինչպես նաև փորձառությունների գործընթացի բարելավումը և լիահույս է, որ այս ուղղությամբ ֆեդերացիայի հետ համագործակցությունը բավական արդյունավետ կլինի:
Մեխակ Ապրեսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Տնտեսագիտական համալսարանին փոխգործացության համար և նշեց, որ ՀՊՏՀ-ն դարձել է մի մեծ ընտանիքի անդամ, քանի որ ֆեդերացիային անդամակցում են բազում հաստատություններ և կառույցներ: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ֆեդերացիան հետաքրքրված է տուրիզմի ոլորտի հետազոտություններով, կարճաժամկետ դասընթացների կազմակերպմամբ, կարող է աջակցել նաև փորձառությունների կազմակերպմանը:
Անդրադառնալով հետազոտական աշխատանքների կատարման հնարավորությանը՝ Դիանա Գալոյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն այդ առումով մեծ ներուժ ունի, քանի որ բուհն ունի «Ամբերդ» հետազոտական կենտրոն, որը 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման “Go To Think Tank Index Report'' զեկույցում՝ 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը: Այս առումով, համալսարանի ղեկավարի խոսքով, գիտահետազոտական աշխատանքների իրականացման մեծ հեռանկար կա: Մյուս կողմից, Դիանա Գալոյանի խոսքով, ՀՊՏՀ-ն սկսել է դիրքավորվել կարճաժամկետ դասընթացների կազմակերպման շուկայում և այս ուղղությունը ևս համալսարանի հետաքրքրությունների շրջանակում:
Հանդիպման ավարտին հյուրերը բուհի ղեկավարության ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, ծանոթացան ենթակառուցվածքներին, այցելեցին «Ամբերդ» հետազոտական կենտրոն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին