ՀՊՏՀ 605 ուսանողներ ստացել են ուսման վարձի զեղչ. ռեկտորատի նիստում հաստատվեցին արդյունքները

Դիտումների քանակ՝ 2633

2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առաջադիմության հիման վրա 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ուսանողական նպաստների ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրվել Տնտեսագիտական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 605 ուսանողի:

Այսօր կայացած ՀՊՏՀ ռեկտորատի հերթական նիստում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրեց 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ մանդատային հանձնաժողովի որոշումը, որը հաստատվեց:

Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի տրամադրած տեղեկատվության համաձայն, այս ուսումնական տարվա 1-ին կիսամյակում զեղչվել է 605 ուսանողի ուսման վարձ, այդ թվում՝ 214 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել եկամտային հարկի պահումով:

Զեղչվել է 11.5 և ավելի ՄՈԳ ունեցող 312 բակալավրի և 11.5 (57.5) և ավելի ՄՈԳ ունեցող79 մագիստրոսի ուսման վարձ, ինչպես նաև՝ 8.0-11.49 ՄՈԳ ունեցող 211 բակալավրի և 8.0-11.49 (40-57.49) ՄՈԳ ունեցող 3 մագիստրոսի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով:

Հավելենք, որ 2019-2020 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում ևս 50 տոկոսի չափով զեղչվել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 87 ուսանողի ուսման վարձ՝ անկախ 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում ցուցաբերած առաջադիմությունից:

ՀՊՏՀ-ում գործող ուսանողական նպաստի, պետական և անվանական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Փաստաթղթեր» բաժնում՝ հետևյալ հղումով:

Ռեկտորատի նիստում անդրադարձ եղավ նաև ընթացիկ մի շարք հարցերի, ներկայացվեցին նաև ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին