Տնտեսագիտական համալսարանը միանում է համալսարանական կոնսորցիումի. նոր համագործակցություն՝ միջազգայնացման ուղղությամբ

Դիտումների քանակ՝ 1926

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի միջև համագործակցությունը բարեհաջող ընթանում է արդեն մի քանի տարի։ Նշված համալսարանի պատվիրակությունը օրերս ՀՊՏՀ-ում է նոր նախաձեռնությամբ։ Գերմանական համալսարանի առաջարկով ՀՊՏՀ-ն միանում է համալսարանական կոնսորցիումի, որով նախատեսվում է դիմել Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից առաջարկվող ֆինանսավորմանը՝ մշակելու համատեղ ավարտական վկայական (դիպլոմ) առաջարկող մագիստրոսական կրթական ծրագիր։

Կոնսորցիումի մաս են կազմում Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանը (Գերմանիա), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (Հայաստան), Միջազգային Սև ծովի համալսարանը (Վրաստան), Կիրառական ինֆորմատիկայի ղրղզ-գերմանական համալսարանը (Ղրղզստան), Ղազախ-ամերիկյան բաց համալսարանը (Ղազախստան), Յանչենգի տեխնոլոգիական ինստիտուտը (Չինաստան)։

Սույն կոնսորցումին միանալու առաջարկով այսօր ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ հանդիպեց Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի Բիզնես ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Քրիստիան Անդրեաս Շումանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Պրոֆեսոր Քրիստիան Անդրեաս Շումանին ուղեկցում է նույն համալսարանի հետազոտող Աննա-Մարիա Կլաուսը։ Քրիստիան Անդրեաս Շումանը Դիանա Գալոյանին ներկայացրեց ՀՊՏՀ-ի հետ բանակցությունների արդյունքում Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի ռեկտորի կողմից ստորագրված հուշագիրը, որը ստորագրվեց Դիանա Գալոյանի կողմից։

Հանդիպումից հետո asue.am-ին մանրամասներ հաղորդեց Վարդ Ղուկասյանը՝ նշելով որ այս հուշագրի ստորագրումը ենթադրում է, որ ՀՊՏՀ-ն ֆինանսավորման հայտադիմումի մաս է կազմելու և այն հաստատվելուց հետո վեց գործընկեր բուհերի կողմից կազմվելու է համատեղ կրթական ծրագիր՝ ուսանողներին հնարավորություն ընձեռելով ուսումնառության երկրորդ տարում ուսումնառել գործընկեր բուհերից որևէ մեկում։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի հետ համատեղ։ Ծրագրի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանի և տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի հետ, մանրամասն քննարկվել են ծրագրային փաթեթի ներկայացման ընթացակարգերն ու ֆինանսավորումից հետո իրականացման ուղիները։

Ծրագրային հայտի մշակման համար հյուրերը հանդիպում են ունեցել նաև ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանի հետ, քննարկել առցանց հարթակում համատեղ կրթական ծրագրի հասանելիության ապահովման հարցերը։

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետը հայտնեց նաև, որ ս․թ․ նոյեմբերի 11-ին պրոֆեսոր Քրիստիան Անդրեաս Շումանին և հետազոտող Աննա-Մարիա Կլաուսին իրենց գրասենյակում հյուրընկալել են Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ծրագրերի պատասխանատու Մերի Նավասարդյանը և Հայաստանում «Էրազմուս+» ծրագրերի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն նշված բուհի հետ փոխանակման ծրագրեր է իրականացնում «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Բուհերի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2017 թվականի դեկտեմբերին, որի մասին հավելյալ տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին