ՄՏՀ ամբիոնի ասիստենտը դասախոսել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում

Դիտումների քանակ՝ 1722

ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում մայիսի 15-23-ը Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում (Լեհաստան) է գտնվել ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների (ՄՏՀ) ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը: Բակալավրական միջազգային խմբերում նա դասախոսություններ է վարել «Միջազգային պայմանագրեր», «ԵՄ-ն որպես համաշխարհային դերակատար», «ԵՄ տնտեսական և քաղաքական մարտահրավերները», «ԵՄ արտաքին առևտրային քաղաքականություն» թեմաներով: Այսօր այցի արդյունքները ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ներկայացրեց Ալբերտ Հայրապետյանը՝ նշելով, որ բացի ուսանողների հետ աշխատանքից, հանդիպումներ է ունեցել լեհական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անդամների հետ, քննարկել գործընկերության ընդլայնման ուղիները:

«Մասնավորապես, եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Էվա Մակուշինսկայայի և դասախոս Գժեգոշ Մազուրի հետ պայմանավորվել ենք գիտական հոդված գրել, ինչպես նաև համատեղ դիմել առաջիկայում կայանալիք ԵՄ դրամաշնորհային մրցույթներին»,-մեզ հետ զրույցում ասաց դասախոսը:

Ալբերտ Հայրապետյանը հանդիպել է Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանում ընթացիկ կիսամյակում «Էրազմուս+» ծրագրով ուսումնառող ՀՊՏՀ ուսանող, միջազգային տնտեսական հարաբերությունների մագիստրատուրայի 1-ին կուրսեցի Մերի Հովսեփյանին:

Մեր երիտասարդ դասախոսը տպավորել է արտասահմանցի ուսանողներին, որոնք հետադարձ կապի միջոցով, հարցմամբ (feedback) բարձր են գնահատել նրա դասախոսությունները և ցանկություն հայտնել կրկին ունկնդրելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին