ՀՊՏՀ-ն և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը կհամագործակցեն կրթական, ուսումնական և գիտահետազոտական ոլորտներում

14.07.2021
Դիտումների քանակ՝ 1385

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և Շուշիի տեխնոլոգիական համալսարանը (ՇՏՀ) կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն, որի շուրջ այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը։

Դիանա Գալոյանը և Հովհաննես Թոքմաջյանը քննարկեցին համաձայնագրով նախատեսվող համագործակցային ուղղությունները, մասնավորապես անդրադարձան վերապատրաստումներին, համատեղ հետազոտությունների իրականացմանը և գրադարանային ֆոնդերի օգտագործման խնդիրներին։

ՇՏՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը կարևորեց հետպատերազմյան նոր իրողությունների պայմաններում համալսարանի կենսագործունեության շարունակականության ապահովումը և ուսումնական, գիտահետազոտական ուղղությունների զարգացումը, ինչպես նաև համաձայնագրով նախատեսված մյուս ուղղությունները՝ համատեղ ծրագրերի մշակում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, տեղեկատվական և մարզամշակութային միջոցառումների իրականացում։ ՇՏՀ ռեկտորը համոզմունք հայտնեց, որ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը կլինի բարեհաջող և արդյունավետ։

ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց ՇՏՀ-ի հետ համագործակցության իր պատրաստակամությունը և որպես մեկնարկ՝ ՇՏՀ 5 ուսանողների հրավիրեց մասնակցելու Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում հուլիսի 19-22-ը կազմակերպվող ASUE Educational Camp ամառային կրթական ճամբարին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին