ՀՊՏՀ-ն և Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիան գործընկերներ են

25.02.2020
Դիտումների քանակ՝ 1738

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր: Մինչ հուշագրի ստորագրումը բուհի ղեկավարը ՀԿ նախագահի հետ քննարկեց երկկողմ համագործակցության հարցեր: Նշենք, որ համագործակցությունը հաստատվել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանի նախաձեռնությամբ, հանդիպմանը մասնակցում էին ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ՀՊՏՀ Change Lab-ի համահիմնադիրներ Արտակ Ասլանյանը և Կարեն Սարգսյանը:

Հուշագիրը նախատեսում է, որ երկու կազմակերպությունները կհամագործակցեն կրթական ծրագրերի շրջանակներում, ուսանողների փորձառության, բաց դասերի, սեմինարների կազմակերպման, ուսումնամեթոդական նյութերի հրատարակման և մի շարք այլ ուղղություններով: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ներկայացրեց ՀՊՏՀ-ում հատկապես գործատուների հետ իրականացվող աշխատանքը, նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը հատուկ ջանքեր է գործադրում աշխատաշուկայի մրցունակ մասնագետներ պատրաստելու համար և ուրախ կլինի, որ այս համագործակցությունը ևս ուսանողների և աշխատաշուկայի միջև լավ կամուրջ դառնա: Քննարկվեց նաև ՀՊՏՀ Change Lab-ի հետ համագործակցության հնարավորությունը՝ մասնավորապես շեշտադրվեց մենթորության իրականացումը:

Վահագն Համբարձումյանը ներկայացրեց իրենց կազմակերպության գործունեությունը, մատնանշեց այն կարևոր ուղղությունները, որտեղ ակնկալում է սերտ գործակցություն: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ղեկավարության ջանքերով հաշվապահություն մասնագիտության ուսանողները կներգրավվեն կազմակերպության հետ իրականացվող ծրագրերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին