ՀՊՏՀ-Արցախ գիտական համագործակցություն. ՀՊՏՀ դասախոսը մասնակցել է կոնֆերանսի

Դիտումների քանակ՝ 1565

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հոկտեմբերի 11-13-ը տեղի է ունեցել «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության բնագավառում» երիտասարդական գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել են «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը և «Վալլեքս» բարեգործական հիմնադրամը: Կոնֆերանսին մասնակցելու է հրավիրվել ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Նադեժդա Աֆյանը: Նախաձեռնությունը միավորել է Արցախի և Հայաստանի բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտներին, հայցորդներին, երիտասարդ գիտնականներին, գործարար ոլորտի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների:
ՀՊՏՀ դասախոսը հանդես է եկել «Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման նախադրյալները՝ ըստ Կանադայի և Շվեդիայի օրինակելի մոդելների» գիտական զեկուցմամբ:
Մեզ հետ զրույցում Նադեժդա Աֆյանն անդրադարձավ իր զեկուցման առանցքային հարցերին՝ նշելով, որ այն դիտարկում էր հանքարդյունաբերության ոլորտում կորպորատիվ պատասխանատվության սկզբունքների ներդրման հնարավորությունները, մասնավորապես, ցույց է տրվել Շվեդիայի և Կանադայի օրինակելի մոդելները, SWOT վերլուծության հիման վրա տրվել է հայկական մոդելի տիպային օրինակը: Ինչպես նաև նշվել է, որ հանքարդյունաբերության ոլորտում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներդնումը կապահովի կայուն զարգացման 3՝ սոցիալական, տնտեսական, բնապահպանական ասպեկտները:
«Միջոցառումը բավականին ինտերակտիվ էր, զեկուցումներից հետո ուշագրավ բանավեճեր էին ծավալվում հնչած թեմաների շուրջ: Այն քննարկման հիանալի հարթակ էր, և ինչպես բացման խոսքում նշեց կոնֆերանսի վարող, Արցախի նախագահի խորհրդական, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներդրման հնարավորությունների քննարկումը բավականին կարևոր և անհրաժեշտ է: Կցանկանայի առանձնացնել BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սամվել Գևորգյանի զեկուցումը, որում հետաքրքիր շեշտադրումներ կային հանքարդյունաբերության ոլորտում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարական մոտեցումների շուրջ»,-ասաց
Նադեժդա Աֆյանը և ամփոփելով կոնֆերանսը՝ ընդգծեց՝ այն հրաշալի կերպով ապահովեց պետական հատված-գործարար-ակադեմիական շրջանակ երկխոսություն:
Մասնակիցները ստացել են հավաստագիր և որպես նվեր՝ պլանշետ:
Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Նադեժդա Աֆյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին