Ուսանողին մոտիվացնել լավագույն ուսանողի փորձով. դասը վարեց ՀՊՏՀ ասպիրանտը

Դիտումների քանակ՝ 2736

Տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Եվգենյա Բազինյանը այսօր ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի 2 հոսքերում դասախոսելու էր հրավիրել ՀՊՏՀ շրջանավարտ, այժմ ասպիրանտ Նարեկ Կարապետյանին:

««ֆինանսկան էկոնոմետրիկա» առարկան ուսանողների համար առաջին հայացքից հաճախ բարդ է թվում: Բայցև ունենք ուսանողներ, որոնք հիանալիորեն յուրացրել և կիրառում են այն: Այդ ուսանողներից մեկը մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրոս, այժմ ՀՊՏՀ ասպիրանտ Նարեկ Կարապետյանն է: Ուստի նրան հրավիրել եմ «Քանակական մեթոդները ֆինանսկան որոշումներում» թեմայով դաս վարելու, առարկան նոր ուսումնասիրող ուսանողների հետաքրքրությունը իր օրինակով բարձրացնելու»,-ասաց Եվգենյա Բազինյանը: Դասախոսը հավելեց, որ ուսանողը մասնագիտացման գործընթացում պետք է կարևորի ինքնակրթությունը, սովորելու բարձր մոտիվացիան:

Նարեկը ուսանողներին պարզաբանեց պետական բյուջեի կանխատեսումների գործընթացի իրականացման առանձնահատկությունները, գործիքակազմը, հարկերի կանխատեսման էկոնոմետրիկ մոդելները, դասն ամփոփեց ակտիվ հարցուպատասխանով:

Նշենք, որ Նարեկ Կարապետյանը «Լավագույն ուսանող-2018» անվանակարգի հաղթողն է, որպես տնտեսագետ աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչությունում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին