ՀՊՏՀ-ում քննարկվեցին փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրները
Տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ ամբիոնային գիտահետազոտական աշխատանքների թեմաների շուրջ երկրորդ գիտական սեմինարը: ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը հանդես եկավ «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով, որին ներկա էին հյուրեր, ՀՊՏՀ և ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դեկաններ, ամբիոնների վարիչներ, աշխատակիցներ:
Հանդիպումը բացեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ ողջոնելով ներկաներին և նշելով, որ ամբիոնային գիտական թեմաների քննարկումն այս ձևաչափով շատ օգտակար է, քանի որ ներկայացվում են թարմ տվյալներ, անդրադարձ է արվում առկա հիմնախնդիրներին:
Ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց ամբիոնի կողմից կատարվող թեման, շեշտեց, որ անգամ պաշտոնական թվերը ցույց են տալիս, որ չնայած ներդրվող ջանքերին, մեր երկրում առավել աճում է խոշոր բիզնեսը, ինչը նշանակում է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրները դեռևս արդիական են, ուստիև գտնվում են իրենց ամբիոնի ուսումնասիրման տեսադաշտում:
Այնուհետև ամբիոնի ասիստենտ Արթուր Առաքելյանը հանդես եկավ «Փոքր և միջին ձեռնարկատիրություն. ներկան և ապագան», իսկ ամբիոնի ասպիրանտ Մարիամ Թիթիզյանը՝ «Ազատ տնտեսական գոտիները Եվրասիական տնտեսական միությունում» թեմայով զեկուցումներով:
Հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանով, ամբիոնի ներկայացուցիչները հնչած հարցերի վերաբերյալ տվեցին պատշաճ պարզաբանումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին