ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները միացան արյունատվության ակցիային

Դիտումների քանակ՝ 2110

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ պրոֆեսոր Ռ. Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարած դոնորագրման նախաձեռնության շրջանակներում հայտարարված արյունատվության առաջին ակցիան, որին մասնակցեցին ՀՊՏՀ աշխատակիցներն ու ուսանողները:

Վաղ առավոտից մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում տեղակայված նախկին բուժկետում հավաքվել էին արյունաբանական կենտրոնի աշխատակիցները՝ արյունաբանական կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Մարգարիտա Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև մեր համալսարանի աշխատակիցները և ուսանողները, որոնք մեծ պատրաստակամությամբ լրացրեցին հարցաթերթերը, անցան թերապևտի խորհրդատվություն և հանձնեցին արյուն՝ այդպիսով միանալով մարդասիրական այս նախաձեռնությանը:

Մարգարիտա Հակոբյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում, ներկայացնելով գործընթացը, նախ ակցիային միանալու համար շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, ապա նշեց, որ կազմվել է գործուղումների գրաֆիկ՝ ըստ որոնց իրենք այցելում են այն բուհեր, որոնք համաձայնել է միանալ սույն ակցիային: «Սա կօգնի արյունաբանական կենտրոնին՝ հատկապես մանկական ուռուցքային հիվանդությունների բուժման գործում: Հուսով ենք, որ մեր ժողովրդի կողմից տրված արյունը կծառայի երեխաների բուժման նպատակին»,- շեշտեց կենտրոնի փոխտնօրենը:

Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ արյունատվության գործողությունը կազմակերպող բուժանձնակազմի թվում են թերապևտը, տրանսֆուզիոլոգը, բժիշկը և մայրապետը: «Նախատեսում ենք ընդունել մոտ 30 կամավորի, որոնք կանցնեն թերապևտիկ զննումը, տեղում կանցնեն անհրաժեշտ լաբորատոր քննությունը (արյան հեմոգլոբինի), այնուհետև կհանձնեն արյուն՝ 350-400 մլ չափով: Այն արյունաբանական կենտրոնում ենթարկվում է մշակման, ստուգվում են բաղադրամասերը, իսկ արյան նմուշն անցնում է քսերոլոգիական հետազոտություն, որի պատասխանից է կախված՝ արյունը անվտանգ է, թե ոչ»,- մանրամասնեց կենտրոնի փոխտնօրենը՝ ավելացնելով, որ հետազոտության արդյունքները խիստ գաղտնի են և հետադարձ կապով հաղորդվում են միայն դոնորին:

Մարգարիտա Հակոբյանը նաև հայտնեց, որ դոնորները «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի կողմից նվերներ կստանան հիմնադրամի տարբերանշաններով գրիչներ:

Նշենք, որ արյունատվության երկրորդ ակցիան տեղի կունենա սույն թվականի մայիսի 8-ին, նույն վայրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին