«ՀՊՏՀ. որտեղ և՛ սովորեցնում ես, և՛ սովորում». հարցազրույց ՀՊՏՀ պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի հետ
Հարգելի′ ՀՊՏՀ-ականներ, asue.am-ը շարունակում է մեր սիրելի բուհի 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցների շարքը: Այսօր մեր զրուցակիցն է միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադևոսյանը:
-Տիկին Թադևոսյան, մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
-Համալսարանական «դպրոց», որտեղ և՛ սովորեցնում ես, և՛ սովորում:
-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-42 տարի:
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
-Ուսանողը, որին սիրել և սիրում եմ առանց նախապայմանների:
-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…
-Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: ՀՊՏՀ առաջին անգամ ոտք եմ դրել որպես ռեկտորի օգնական, 1978 թ. օգոստոսին: Ինձ համար հարազատ միջավայր էր, իմ նախկին դասախոսներն էին, ուսանողական ընկերներ, որոնք աշխատանքի էին անցել այդ բուհում:
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
-Հարություն Խոնդկարյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, իսկական մտավորական, բարձր ինտելեկտով: Դասախոսություն կարդում էր առանց գրավոր տեքստի, տիրապետում էր հռետորական արվեստին: Տնտեսական պատմության մեծ գիտակ էր և պարզապես իսկական ուսուցիչ:
-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
-Այս մասին մտածելու ժամանակ չեմ ունեցել: Գերազանցության դիպլոմով ավարտել եմ համալսարանը, հետո ասպիրանտուրա…Բնական ճանապարհ…Դասախոսական աշխատանքին նախապատվություն տալու պատճառը հենց տնտեսագետ լինելն է: Իրավաբան էի ցանկանում դառնալ: Որոշումս փոխեցի զուտ այն պատճառով, որ իրավաբանական ֆակուլտետում «Մաթեմատիկա» առարկայից քննություն չեն հանձնում: Այդ առարկայի նկատմամբ սերն էլ ինձ դարձրեց տնտեսագետ:
-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
-Պատվախնդրությունը:
- ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
-Եթե նախկինում ՀՊՏՀ-ում զավակ էի, ապա այժմ ծնող եմ, ուստի փնտրում եմ հիմնականում հպարտանալու առիթներ:
-Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:
-Ընտանիքի: Ընտանիքին բնորոշ ջերմությամբ և տարաձայնություններով, աշխատասեր և ծույլ, պատասխանատու և անպատասխանատու, պատրաստակամ և մի կողմ քաշված «երեխաներով» ընտանիքի, որի անդամները միմյանցից տարբեր լինելով՝ փորձում են իրենց առջև դրված նպատակները պատվով հաղթահարել:
-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
-Մեր՝ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը: Ընդ որում, միակ տաք անկյունն է: Ինձ համար:
- ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Այդ հարցը միանշանակ պատասխան չունի: Անցյալին չեմ անդրադառնա, հատկապես որ անցյալի որոշ մերժելի ավանդույթներ մեզանում արդեն տեղ չունեն: Դատելով ներկա՝ COVID 19-ով պայմանավորված նոր իրավիճակում ոչ ստանդարտ լուծումներ գտնելու, որոշումներ կայացնելու գործընթացում համալսարանի ողջ անձնակազմի բարձր պատասխանատվությունից և ստացված արդյունքներից՝ այո՛, կարողանում է:
-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….
-Այդպիսի փորձառություն չունեմ: Ավագը պետք է լինի օրինակելի ամեն առումով և միշտ մնա երիտասարդ:
-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
-Մարդ, ընկեր և ուսուցիչ:
- Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Կրթությունը մարդու կատարյալ կերպարի անհրաժեշտ բաղադրիչն է: Այն միայն մասնագիտական գիտելիքներ չի տալիս: Կրթությունը կերտում է մարդու բնավորությունը, վարքագիծը, նախասիրությունները, պատասխանատվությունը: Կրթության մշակները յուրատեսակ քանդակագործներ են, որոնց ձեռքի տակ «թրծվում» է մարդը, քաղաքացին, պրոֆեսիոնալը: Որակավորված, հմուտ քանդակագործը ստեղծում է մնայուն արժեքներ: Սիրելի′ ՀՊՏՀ-ականներ, դո՛ւք ի զորու եք լինել մնայուն արժեքներ կերտողների առաջին շարքերում: Առողջ եղե՛ք, դուք կարող ՈւԺ եք:
-Շնորհակալություն, Տիկին Թադևոսյան: Դուք ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներից եք, ով երկար ու ձիգ տարիներ գիտամանկավարժական գործունեություն է ծավալել` իր նպաստը բերելով Տնտեսագիտական մայր կրթօջախի զարգացմանը: Շատերը կհամաձայնեն` գիտնական-մանկավարժի բարձր որակներին զուգահեռ, Դուք կանացի անսպառ հմայք ունեք, բուհի խարիզմատիկ կին-գիտնականներից եք: Ձեզ մաղթում ենք քաջ առողջություն, և թող Ձեր յուրահատուկ հմայքն ու կենսասիրությունը երբեք չմարեն: Շարունակելի…
Հ.Գ. ՀՊՏՀ պրոֆեսոր Արամ Սարգսյանի հետ նախորդիվ հրապարակված հարցազրույցին ծանոթացեք այստեղ, տ.գ.թ., դոցենտ Միքայել Թավադյանի հետ հարցազրույցին` այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին