Բարի երթ 2022-2023 ուստարվա ՀՊՏՀ շրջանավարտներին
Տնտեսագիտական մայր բուհի շրջանավարտների համար այսօր կարևոր և հիշարժան օր էր։ Միջոցառման կազմակերպչական թիմը ջանք չէր խնայել ՀՊՏՀ առկա և հեռակա կրթաձևերի յուրաքանչյուր շրջանավարտի համար նոր մոտեցմամբ ու հետաքրքիր լուծումներով անմոռաց դարձնելու այս կարևոր իրադարձությունը։ Տոնական շունչն ու ոգին թևածում էր թե′ համալսարանի դահլիճում, թե′ բակում․ ստեղծարար լուծումներով պաստառներ, հատուկ կահավորված գողտրիկ անկյուններ, հետաքրքրաշարժ մրցույթներ, բազմապիսի նվերներ և թեմատիկ ֆոտոկրպակներ, որոնք շրջանավարտներին նվիրեցին ավարտահանդեսի անմոռաց ակնթարթներ։ Ողջ օրվա ընթացքում իր սիրելի շրջանավարտների կողքին էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ անմիջականությամբ և բոլորին հասցեագրված ջերմությամբ։
ՀՊՏՀ բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունն ընթանում էր բուհի՝ տոնականորեն զարդարված դահլիճում, որտեղ յուրաքանչյուր շրջանավարտ իր դիպլոմն ստացավ բեմահարթակում:
Հանդիսությանը ներկա էին ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներ, բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներ, ծնողներ, ուսանողներ։
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Վահագն Խաչատուրյանը խորհուրդ տվեց վստահել սեփական ուժերին և հավատալ՝ մեծ հաջողությունները դեռ առջևում են, երբեք չհուսահատվել, միշտ հիշել, որ ցանկացած ծանրագույն իրավիճակում կա լուծում, պատրաստ լինել այդ լուծումները ինքնուրույն գտնելու։
«Կյանքում ամենակարևորը, որ գնահատվում է մարդկանց մեջ, գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմն է: Ամեն օր, ամեն վայրկյան մենք, անկախ տարիքից, մեր ունեցած գիտելիքը պետք է հարստացնենք, նույնիսկ փոքր քանակությամբ: Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ զարգացումը շատ արագ է տեղի ունենում, երբ առօրյա կյանքում կամ ընդհանրապես փոփոխությունները լինում են ամեն վայրկյան, մենք պետք է անընդհատ գիտելիք ձեռք բերենք և այն կարողանանք «մարսել», որպեսզի այս արագ զարգացող միջավայրում մեր տեղն ունենանք, գնահատենք ինքներս մեզ և մեր ժամանակը»,- ասաց նախագահը և եզրափակեց․ «Վստահ եմ նաև՝ դուք ավելի լավ եք կառավարելու մեր երկիրը և այն երազանքները, որոնք մեր սերունդը՝ իմ սերունդը չկարողացավ իրականություն դարձնել, դուք իրականություն եք դարձնելու»։
Հիշարժան օրվա առիթով շնորհավորելով օրվա հերոսներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ ՀՊՏՀ շրջանավարտների անունները բարձր են հնչել թե′ հանրապետությունում, թե′ նրա սահմաններից դուրս, ապա վստահություն հայտնեց, որ շրջանավարտների այս սերունդը կգերազանցի իր նախորդներին և համալսարանի անունը կփառավորի նոր նվաճումներով ու ձեռքբերումներով։ «Ձեզանից շատերի ուսումնական և մասնագիտական հաջողություններին անձամբ եմ ականատես եղել, խրախուսել, քաջալերել։ Ինձ հատկապես ուրախացնում են ձեր նպատակասլացությունը, կամային բարձր որակները, դժվարությունների առջև չընկրկելու կարողությունը։ Ավարտելուց հետո էլ դուք շարունակելու եք լինել մեր տեսադաշտում՝ թեկուզ հեռվից մեզ պարգևելով հիացումի և հպարտության ակնթարթներ»,- ասաց Դիանա Գալոյանը։
Գործատու կազմակերպությունների անունից շրջանավարտներին բարեմաղթանքի խոսք հղեց նաև ՀՊՏՀ գործընկեր «Ագրոլիզինգ» լիզինգային վարկային կազմակերպության տնօրեն Արամ Մխիթարյանը։
«Հետաքրքիր ուղի է ձեզ սպասում, սիրելի′ շրջանավարտներ, սիրով և նվիրվածությամբ կատարեք ձեր աշխատանքը և մի մոռացեք, որ կրթությունը հարատև գործընթաց է, սովորեք միշտ, կրթվեք ու պահպանեք կապը բուհի հետ»,- հորդորեց Արամ Մխիթարյանը։
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շրջանավարտներին շնորհավորեց ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը՝ վստահություն հայտնելով, որ բանիմաց և կարողունակ մասնագետները կզարգացնեն ֆինանսական ոլորտը և որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ իրենց գիտելիքները կծառայեցնեն ի շահ մեր երկրի։
«Արդեն անցյալում են ստուգարքներն ու քննությունները, առջևում կյանքի նոր փուլ է, որը կարող ենք բնորոշել որպես ինքնուրույն որոշումների, նոր իրադարձություններով լի և չափազանց պատասխանատու ժամանակաշրջան»,- ասաց Աշոտ Մարդոյանը։
Բուհին երախտագիտության ջերմ խոսքեր հասցեագրեցին շրջանավարտներ Օսկար Այվազյանն ու Կատրին Ծատրյանը։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք ոգևորեցին ու խրախուսեցին մեզ՝ թույլ տալով մտածել մեր պատկերացրած սահմաններից դուրս, հետևել մեր ներուժին, շարժվել առաջ` մեր մեծ նպատակներին հասնելու հավատով»,- ասաց Կատրին Ծատրյանը՝ հավելելով, որ այժմ արդեն աշխարհին համընթաց քայլելու և աշխարհում իրենց հետքը թողնելու ժամանակն է:
Օսկար Այվազյանի խոսքով՝ ՀՊՏՀ-ն օգնեց նորովի ճանաչելու աշխարհը, բացահայտելու իր էությունն ու առաքելությունը․ «Հպարտ եմ, որ առաջիկա տարիներին դեռ սովորելու եմ իմ սիրելի համալսարանում, հնարավորություն եմ ունենալու է′լ ավելի ամրապնդելու գիտելիքներս և ավելի վստահ մտնելու աշխատաշուկա»։
Շնորհավորական ուղերձներին հաջորդեց գերազանցության դիպլոմների հանձնումը յուրաքանչյուր ֆակուլտետից մեկական շրջանավարտի (ակադեմիական առաջադիմության և ուսանելու տարիներին դրսևորած բարեվարքության համար)․ կառավարում՝ Վահե Մարտիրոսյան, ֆինանսական՝ Գոհար Ասատրյան, հաշվապահական հաշվառում և աուդիտ՝ Ինեսսա Քոսակյան, մարքեթինգ և բիզնեսի կազմակերպում՝ Օսկար Այվազյան, տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ՝ Կատրին Ծատրյան։ Նրանց դիպլոմներ, ինչպես նաև խրախուսական մրցանակներ հանձնեցին անձամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ռեկտոր Դիանա Գալոյանը։
Ավանդույթի համաձայն՝ շրջանավարտների համար անակնկալ ունեին նաև ֆակուլտետների դեկանները։ «Դեկանի համակրանք» մրցանակը կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը հանձնեց Լարիսա Ավագյանին, ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանը՝ Արթուր Տերյանին, հ/հ և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը՝ Քրիստինա Հակոբյանին, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը՝ Լուսինե Հակոբյանին, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը՝ Սաթենիկ Գևորգյանին, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Աղավնի Հակոբյանը՝ Համլետ Մխիթարյանին։
Հանդիսավոր պայմաններում համալսարանում դիպլոմներ ստացան նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շրջանավարտները։
Այսպիսով, առկա կրթաձևում Տնտեսագիտական մայր բուհը 2022-2023 ուստարում ավարտեց և մասնագիտական որակավորում ստացավ 687 շրջանավարտ․ բակալավրի կրթական աստիճան՝ 618-ը (144-ը՝ գերազանցության դիպլոմով), մագիստրոսի կրթական աստիճան՝ 69-ը (41-ը՝ գերազանցութան դիպլոմով)։
Միջոցառման լուսանկարային շարքը կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։
Սիրելի՛ շրջանավարտներ, տեղեկացնենք, որ այս հիշարժան օրվա ձեր լուսանկարը յուրաքանչյուրդ կարող եք վերցնել՝ դիմելով ձեր ֆակուլտետի դեկանին։