ՀՊՏՀ-ում ավարտվել է առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման գործընթացը (լուսանկարներ)
Մայիսի 5-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկել էր առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որն ավարտվել է երեկ՝ հունիսի 10-ին: Ամեն տարի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն առիթ է ունեցել այցելելու ավարտական լսարաններ, հետևելու մեր սիրելի համալսարանի հերթական թողարկմանը, լուսանկարելու և զրուցելու գործընթացի «գլխավոր հերոսների»՝ շրջանավարտների, ինչպես նաև հանձնաժողովների անդամների, պրոֆեսորդասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ներկայացնելու նրանց գնահատականներն ու տպավորությունները:
Այս տարի, արտակարգ դրությամբ պայմանավորված, այս հիշարժան և կարևոր գործընթացը ևս իրականացվեց հեռավար, սակայն մենք հետևել ենք գործընթացին և ցանկանում ենք ձեզ տեղեկացնել համալսարանի կենսագործունեության այս կարևոր փուլի մասին ևս: Բացի այս հրապարակումը, մենք նախաձեռնել ենք «Շրջանավարտը՝ դիմորդին» շարքը, որի միջոցով փորձում ենք ձեզ հաղորդակից դարձնել մեր շրջանավարտների ձեռքբերումներին և ապրումներին:
Վերը նշված ժամանակահատվածում ՀՊՏՀ-ում կազմակերպվել է ամփոփիչ ատեստավորման 128 նիստ։ Համալսարանի առկա բակալավրիատի 4-րդ կուրսի 774 ուսանողներից ավարտական աշխատանք ներկայացրել և առցանց ամփոփիչ ատեստավորմանն են մասնակցել 774 ուսանողներ, որոնք բոլորը ստացել են դրական գնահատականներ։ Առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի 275 ուսանողներից մագիստրոսական թեզ ներկայացրել և առցանց ամփոփիչ ատեստավորմանն են մասնակցել 271 ուսանող, նրանք բոլորը ստացել են դրական գնահատականներ։ Համալսարանի նախորդ տարիների ամփոփիչ ատեստավորումը չհաղթահարած ուսանողներից ավարտական աշխատանք (մագիստրոսական թեզ) են կատարել և ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել բակալավրիատի 11 և մագիստրատուրայի 3 երկտարեցի ուսանողներ, նրանք ևս ստացել են դրական գնահատական։
Այս թվային պատկերը asue.am-ի խնդրանքով ներկայացրեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ միաժամանակ մանրամասնելով, թե գործընթացի կազմակերպման համար ինչպիսի նախապատրաստական աշխատանք է իրականացվել. «Ums.asue.am հարթակում ձևավորվել են ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման գրանցամատյանները, համակարգ են վերբեռնվել առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի բոլոր ուսանողների ավարտական աշխատանքները (մագիստրոսական թեզերը) և դրանց գրախոսությունները։ Ուսանողների փորձառությունների հաշվետվությունների, մագիստրոսական թեզերի և ավարտական աշխատանքների փաստաթղթավորման նպատակով համալսարանի ամբիոնների համար ձևավորվել են ամբիոնային էլ.փոստերի հասցեներ, որոնց միջոցով էլ կազմակերպվել է հաշվետվությունների, ավարտական աշխատանքների և թեզերի փաստաթղթաշրջանառության շարժը՝ ըստ ՀՊՏՀ գիտական խորհրդի կողմից ընդունված ժամանակավոր կարգի պահանջների»։
Մեր հարցին, թե առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման գործընթացի ավարտին ինչպե՞ս կգնահատեք մեր շրջանավարտների կարողությունները, ինչպիսի՞ մասնագետներ թողարկեց մեր բուհն այս տարի, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե, ժամանակի ընթացքում աշխատաշուկայի արձագանքը ցույց կտա, թե ինչպիսի շրջանավարտներ ենք թողարկել, սակայն կարող եմ նշել, որ բոլոր նիստերին մասնակցել ենք, մեծ թվով ելույթներ ենք ունկնդրել և կարող եմ ասել, որ ունենք շատ պատրաստված, կայացած ուսանողներ, որոնք, հուսով եմ՝ աշխատաշուկայում կդառնան մեր բուհի այցեքարտը: Բավական տպավորիչ շնորհանդեսներ ենք տեսել, ընդ որում՝ բոլոր մասնագիտությունների գծով և դժվար կլինի առանձնացնել որևէ մասնագիտության ուսանողների: Ե՛վ բակալավրիատում, և՛ մագիստրատուրայում հիանալի ելույթներ ենք լսել: Այդ շնորհանդեսներից ակնհայտ էր ուսանողների տարիների աշխատանքի արդյունքը, ինչը փաստում էր, որ իսկապես ուսումնառության գործընթացն արդյունավետ իրականացրած ուսանողները խորությամբ տիրապետում էին իրենց մասնագիտական բնագավառի կոմպետենցիաներին և փայլում էին վերլուծելու, համադրելու, մասնագիտական հաղորդակցման, տեսական գիտելիքը գործնականում կիրառելու ու բանավիճելու հմտություններով, ինչը կարևոր հանգամանք է աշխատաշուկայում դրսևորվելու և արագ ինքնաիրացվելու համար»:
Հավելենք, որ հունիսի 1-ից մեկնարկել է հեռակա բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանությունը, որը կավարտվի հուլիսի 3-ին:
Գործընթացը ներկայացնող լուսանկարները կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում՝ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին