Առցանց կրթության, ընդունելության գործընթացի արդյունքներ. գիտխորհրդի հերթական նիստում
Երեկ՝ հունիսի 10-ին, կայացել է ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը, առցանց՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանի նախագահությամբ : Մինչ օրակարգային հարցերին անցնելը Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց գիտխորհրդի անդամներին և կոլեկտիվին՝ արտակարգ դրության պայմաններում առցանց կրթության կազմակերպման գործում մեծ ջանքեր ներդնելու համար՝ միաժամանակ նշելով, որ գործընթացը, չնայած որոշ փոքր թերությունների, հիմնականում կազմակերպվել է բարձր մակարդակով :
Օրակարգի առաջին հարցը՝ «2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մարտի 16-ից կրթական գործընթացն առցանց կազմակերպելու արդյունքների և խնդիրների մասին», զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը։ Նա մանրամասնեց արտակարգ դրության պայմաններում առցանց կրթության կազմակերպական աշխատանքները, արդյունքները, որոնք պարբերաբար հրապարակայնացվել են բուհի պաշտոնական լրատվական հարթակներում: Պրոռեկտորը շնորհակալություն հայտնեց բոլոր դեկաններին, ամբիոնների վարիչներին և կոլեկտիվին՝ գործընթացի կազմակերպմանն աջակցելու, բոլոր առաջադրված խնդիրներին օպերատիվ արձագանելու համար: Ներկայացված հաշվետվությունը հաստատվեց, որում, ի թիվս մի շարք հանձնարարականների, ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց հուլիսի 1-ից ֆակուլտետից նշանակված պատասխանատուների ներգրավմամբ նախապատրաստվել 2020-2021 ուսումնական տարվան, ձևավորել բոլոր ակադեմիական խմբերը, դասացուցակները՝ սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային դասամատյանները բնականոն գործարկելու համար:
««Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնակարգերը քննարկելու մասին» հարցը զեկուցեց ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ կոլեկտիվին են ներկայացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության էթիկայի և բարեվարքության կանոնակարգ, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնի անձնագրերը: Բուհի ղեկավարը նշեց, որ կոլեկտիվը կարող է առաջիկա 10-15 օրվա մեջ ներկայացնել դիտարկումներ և առաջարկներ:
2020-2021 ուսումնական տարվա ընդունելության ընթացքի մասին զեկուցեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը՝ ներկայացնելով այս տարվա դիմորդների շարժը, գործընթացի առանձնահատկությունները և ընդունող հանձնաժողովի աշխատանքը: Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ ընդունելության այս տարվա պատկերը շատ հուսադրող է, դիմորդների հետաքրքրությունը մեր բուհի նկատմամբ մեծ է և դրանում իր դերն է ունեցել բուհի կողմից իրականացված մարքեթինգային ագրեսիվ քաղաքականությունը, մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ ներդրված ջանքերը:
««Ամբերդ» հետազոտական կենտրոնի մրցութային թեմաները հաստատելու մասին» հարցը զեկուցեց գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը՝ ներկայացնելով գիտական խորհրդին կից գիտամեթոդական հանձնաժողովի՝ 2020 թվականի հունիսի 9-ի առցանց նիստում հաստատված երկու թեմաներ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վերլուծություն և զբաղվածության պետական կարգավորման ծրագրային լուծումներ», «Արհեստական բանականության կիրառական լուծումները ՀՀ ֆինանսական ենթակառուցվածքներում»: Օրակարգային բոլոր հարցերը գիտխորհուրդը հաստատեց, նաև հրատարակության երաշխավորեց իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Սիրակ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումների շուրջ» մենագրությունը: Պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանի խոսքով, մենագրությունը հրատարակության է երաշխավորվել գիտական խորհրդին կից հրատարակչական հանձնաժողովի՝ 2020 թվականի մայիսի 27-ի առցանց նիստում։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին