ՀՊՏՀ-ում կայացավ Աշխատանքի տոնավաճառ՝ մեկ հարկի տակ համախմբելով 50-ից ավելի գործատուների և շուրջ 3500 աշխատանք փնտրողների (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3595

50-ից ավելի գործատուներ և շուրջ 3500 հարյուր աշխատանք փնտրողներ այսօր հանդիպեցին ՀՊՏՀ բակում ՀՊՏՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված Աշխատանքի տոնավաճառում: Նախաձեռնությունը, որին աջակցել էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, լայն արձագանք էր գտել հասարակության շրջանում և ՀՊՏՀ էին այցելել բազմաթիվ աշխատանք փնտրողներ:

Աշխատանքի տոնավաճառին, որպես գործատուներ, մասնակցում էին ՀՀ առաջատար առևտրային բանկերի, վարկային և ապահովագրական ընկերությունների, հեռահաղորդակցության ոլորտի, հյուրանոցային բիզնեսի և այլ ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գեղեցիկ ձևավորված տաղավարներում ներկայացնում էին իրենց թափուր աշխատատեղերը, այցելուներից վերցնում CV-ներ, վարում հարցազրույցներ:

Աշխատանքի տոնավաճառում ներկայացված էին նաև Էրազմուսի ազգային, Երևանում DAAD տեղեկատվական գրասենյակները, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը ինչի շնորհիվ տոնավաճառի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու արտերկրում ուսանելու հնարավորություններին: Բացի այդ, Աշխատանքի տոնավաճառին ներկայացված էր նաև ՀՊՏՀ-ն՝ որպես գործատու. համալսարանի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների կառավարման, միջազգային կապերի, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինների աշխատակիցները ներկայացնում էին ինչպես համալսարանում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, այնպես էլ Erasmus+ և կրթաթոշակային տարբեր ծրագրերին դիմելու հնարավորությունները, համալսարանում ներկայումս կազմակերպվող կարճաժամկետ դասընթացների վերաբերյալ տեղեկատվություն:

Աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նախ շնորհակալություն հայտնելով գործընկերներին, ապա ընդգծելով, որ միջոցառումն աննախադեպ էր իր մասնակից կազմակերպությունների և այցելուների թվով: Բուհի ղեկավարը նշեց, որ կրթություն-աշխատաշուկա կապի սերտացմանն ուղղված միջոցառումները ՀՊՏՀ-ում շատ են կարևորվում և այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն նոր ծրագրեր, որոնց նպատակն է վեր հանել գործատուների պահանջները և ՀՊՏՀ-ում իրականացվող կրթության որակի բարձրացման միջոցառումները համապատասխանեցնել գործատուների կարիքներին: Նա նաև շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակից կազմակերպություններին՝ նրանց հրավիրելով նոյեմբերի վերջին կայանալիք աշխատաժողովին, որը նվիրված է լինելու ուսանողների փորձառությունների արդյունավետ կազմակերպման և կարիերայի կառուցման ուղիների որոնման հարցերի քննարկմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը ողջունեց Աշխատանքի տոնավաճառի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ գեղեցիկ միջոցառման կազմակերպման առթիվ և ընդգծեց, որ այս տոնավաճառը յուրահատուկ է նրանով, որ գործատուները անմիջական հանդիպմամբ աշխատանք փնտրողներին ներկայացնում են հենց ՀՊՏՀ մասնագիտություններին համապատասխան թափուր աշխատատեղեր: Գործակալության ղեկավարը վստահեցրեց՝ աշխատանք միշտ կա, պարզապես պետք է ակտիվորեն փնտրել:

Ժամը 13.00-ից սկսած ՀՊՏՀ մեծ դահլիճում Աշխատանքի տոնավաճառի մասնակիցները և ՀՊՏՀ ուսանողները և շրջանավարտները մասնակցեցին զրույց-ներկայացումների՝ Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը հանդես եկավ «Ամենապահանջված մասնագիտությունը» թեմայով, Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Երիտասարդության ոլորտի հետազոտողների եվրոպական ցանցի անդամ Մարինա Գալստյանը՝ «Ո՞ւմ է փնտրում գործատուն. Աշխատաշուկայի արդի պահանջները Հայաստանում», Կարիերայի խորհրդատու, ֆրիլանս Լիանա Ամիրաղյանը՝ «Ինչպե՞ս գրել մրցունակ կենսագրական, մոտիվացիոն նամակ, ինչպե՞ս ներկայանալ աշխատանքի հարցազրույցների» թեմաներով:

Աշխատանքի տոնավաճառի կազմակերպական աշխատանքն իրականացրել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտը: Դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակը հանրապետության աշխատաշուկայի առաջատար ընկերությունների, գործատուների և համալսարանի շրջանավարտների միջև արդյունավետ հարթակ դառնալն էր, որպեսզի աշխատանք փնտրողները գտնեին իրենց ցանկալի աշխատանքը: Աղավնի Հակոբյանի խոսքով՝ միջոցառման ավարտին արդյունքները դուրս կբերվեն և կամբողջացվեն՝ դառնալով այս ուղղությամբ բուհի կողմից տարվող աշխատանքների ուղենիշ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին