Սկսվել են ՀՊՏՀ ուսանողական հարցումները (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ). վերջնաժամկետը հունիսի 20-նն է

Դիտումների քանակ՝ 1735

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունիսի 4-ից մեկնարկել են ուսանողական էլեկտրոնային հարցումները՝ հնարավորություն ընձեռելով մեր համալսարանի ուսանողներին գնահատելու իրենց դասավանդող դասախոսներին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հետևել է գործընթացին և հանդիպել մի շարք ուսանողների, որոնց մի մասը դեկանատներից ստանում էին հարցմանը մասնակցելու համար իրենց անձնական մուտքանունն ու ծածկագիրը ներկայացնող ծրարները, իսկ մի մասն էլ` քննություններից հետո ՀՊՏՀ գրադարանի համակարգչային ընթերցասրահում մասնակցում հարցումների:

Հարցմանն այդ պահին մասնակից ուսանողները նշեցին, որ դրական են վերաբերվում բուհի ղեկավարության նախաձեռնությանը, շատերը խոստացան իրենց մասնակցությունը շարունակել տանը և գործընթացի մասին տեղեկացնել կուրսընկերներին:

Ի հայտ եկած հարցերի շուրջ ուսանողներին խորհրդատվություն էին տրամադրում էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանը և ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Գայանե Մերդինյանը:

Հիշեցնենք, որ ուսանողական էլեկտրոնային հարցման հայեցակարգն ուսանողներին ներկայացվել էր դեռևս սույն թվականի մայիսի 14-ին՝ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Հիշեցնենք նաև, որ հարցումն իրականացվում է moodle համակարգի միջոցով: Հարցմանը մասնակցում են առկա բակալավրիատի 1-3-րդ և առկա մագիստրատուրայի 1-ին կուրսի բոլոր այն ուսանողները, որոնք նախորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքում ապահովել են առնվազն 13.0 ՄՈԳ:

Սիրելի ուսանողներ, էլեկտրոնային հարցումներին մասնակցելու համար ձեզ արդեն իսկ առաքվել են հասցեական նամակներ, որտեղ առկա են համակարգ մուտք գործելու ձեր անձնական մուտքանունը և ծածկագիրը: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել իրենց ծրարները, կարող են մոտենալ իրենց ֆակուլտետի դեկանին: Խնդրում ենք ուշադիր լինել այդ ծրարների նկատմամբ և չկորցնել:

Հարցումն իրականացնելու համար այցելում եք moodle.asue.am հասցեով, էջի աջ անկյունում մուտքագրում եք ձեր մուտքանունն ու ծածկագիրը, որը նախապես ծրարով առաքված կլինի ձեզ: Այնուհետև բացված էջի ձախ կողմում կտեսնեք My courses տողը, որի վրա սեղմելուց հետո այդ տողի ներքևում կհայտնվի ձեզ դասավանդող դասախոսների անվանացանկը: Հերթով պետք է սեղմեք յուրաքանչյուր դասախոսի անվան տողի վրա, ինչից հետո կբացվի մեկ էջ՝ վրան գրված երկու տող՝ «Հարցում» և Answer the questions: Սեղմում եք Answer the questions տողը և սկսում պատասխանել հարցերին: Վերջին տողը նախատեսված է կարծիք և մեկնաբանություն թողնելու համար, սակայն այս դաշտը լրացման համար պարտադիր չէ: Գործողությունն ավարտում եք՝ սեղմելով Submit your answers կոճակը:

Հիշեցնենք, որ նախատեսվում է հարցումներն իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ՝ նախորդ կիսամյակում դասավանդած դասախոսների մասին: Հարցման արդյունքներն օգտագործվելու են համալսարանի ղեկավարության կողմից համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով (պարգևավճարների տարբերակում, ծայրահեղ դեպքերի բացահայտում և բացառում և այլն):

Նշենք, որ հարցումը, որը անանուն է, ակտիվացել է հունիսի 4-ին և կտևի մինչև 20-ը, այսինքն՝ հունիսի 20-ը հարցմանը մասնակցելու վերջին օրն է: Հարցման ընթացքում ի հայտ եկած հնարավոր անճշտությունների շտկման, ինչպես նաև խորհրդատվության համար կարող եք այցելել ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժին կամ զանգահարել 010 593-416 հեռախոսահամարով:

Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ հարցմանը կարող եք մասնակցել նաև հեռախոսի միջոցով՝ ներբեռնելով Moodle հավելվածը, այնուհետև հասցեի դաշտում նշելով moodle.asue.am և շարունակելով գործողությունը: Գործողությունը կարող եք դիտել այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին