ՀՊՏՀ ուսանողները՝ «Եվրասիա Գլոբալ-2022» համաժողովի մասնակից
ՀՊՏՀ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Արսեն Հակոբջանյանն ու Վահե Էլբակյանը հունիսի 8-14-ը Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքում մասնակցել են «Եվրասիա Գլոբալ-2022» միջազգային երիտասարդական կրթական համաժողովին։ ՌԴ Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ 18-35 տարեկան երիտասարդների համար նախատեսված համաժողովին Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է 10 անդամից բաղկացած խմբով։ Ընդհանուր առմամբ, մասնակցել են 63 երկրներից ժամանած շուրջ 500 ռուսախոս երիտասարդներ, որոնք հնարավորություն են ունեցել համատեղ նախագծեր մշակելու, բարեկամական և մասնագիտական կապեր ու ծանոթություններ հաստատելու, փորձ փոխանակելու։
Այս տարի համաժողովի կրթական թեմաներն առնչվում էին կամավորականությանը, կարիերայի զարգացմանը, միջազգային երիտասարդական համագործակցությանն ու մեդիա ոլորտներին։
Համաժողովն ապահովել է երիտասարդների մասնակցության տարբեր ձևաչափեր. գործնական ծրագիր, ոչ ֆորմալ հաղորդակցության հարթակ, առցանց քննարկումներ, գործընկերների ցուցադրության գոտիներ, դրամաշնորհային ծրագրեր, մշակութային ծրագիր: «Ազգային օր» միջոցառման ժամանակ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ հանդես է եկել իր երգ ու պարով, ազգային խոհանոցով։ Հայ երիտասարդները ներկայացել են Կարնո քոչարի պարը, պարգևատրվել հավաստագրերով։
Հայ և հայաստանցի երիտասարդները Օրենբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հյուրընկալվել են նաև «Հայկական բակում», որը ներառում է թանգարան, արվեստի ցուցահանդես, ծանոթացել են թանգարանում ներկայացված 17-19-րդ դարերի կենցաղային իրերի, ազգային տարազների և երաժշտական գործիքների ցուցադրությանը։
Մեզ հետ զրույցում Արսեն Հակոբջանյանն ասաց, որ Օրենբուրգից վերադարձել է վառ տպավորություններով։ Տաջիկ, ուզբեկ, մոնղոլ և օտարազգի այլ երիտասարդների հետ Արսենը եղել է մեկ խմբի կազմում և ուղևորության 7 օրն անցկացրել խմբակիցների հետ։ Նոր ու բազմազան կապերի հաստատումը երիտասարդն օրենբուրգյան իր մեծագույն ձեռքբերումն է համարում։ Նոր ընկերների հետ նա հիմնականում մասնակցել է կարիերայի և մեդիայի դասալսումներին, արժանացել հավաստագրի։ «Շատ եմ կարևորում այն փաստը, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընկերներ ունեմ արդեն։ Կրթական ֆորումը մեր առջև նոր դռներ բացեց՝ առաջիկայում համագործակցելու, նոր համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու»,-ասաց Արսենը՝ հավելելով, որ առիթը բաց չի թողել՝ նոր ընկերներին հրավիրելու Հայաստան՝ մասնակցելու օգոստոսի 15-21-ը Ծաղկաձորում կայանալիք Երիտասարդության ամառային դպրոցին։