Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականը դասախոսել է ՀՊՏՀ-ում

17.06.2022
Դիտումների քանակ՝ 1305

Հունիսի 18-ին «Թվային տնտեսության զարգացման հիմնական միտումները» թեմայով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասախոսեց Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր, պրոֆեսոր, Պոմպեու Ֆաբրա համալսարանի (Իսպանիա) պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը։

Թեմատիկ դասախոսությունից առաջ պրոֆեսորը հանդիպում ունեցավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, ներկա էր նաև ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ, տ․գ․թ․, դոցենտ Լևոն Բարխուդարյանը։ Քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՊՏՀ ռեկտորը ներկայացրեց Տնտեսագիտական համալսարանի գիտական ներուժը՝ հատկապես ընդգծելով «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կատարած աշխատանքն այդ ուղղությամբ։ «Ռուսաստանի բուհերի հետ մեր համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի վրա, ռուսական ուղղությունը միշտ եղել է մեր առաջնահերթություններում»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հավելելով, որ պատրաստակամ են համագործակցել նաև Ռուսական տնտեսագիտական դպրոցի հետ։

Ռուբեն Ենիկոլոպովը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, ներկայացրեց իր ղեկավարած տնտեսագիտական դպրոցի գործունեությունը, անդրադարձավ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը։

ՀՊՏՀ ռեկտորի հետ հանդիպումից հետո համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների համար պրոֆեսորը ելույթ ունեցավ թվային տնտեսության թեմայով, որը Ռուբեն Ենիկոլոպովի գիտական հետաքրքրությունների շրջանակի միայն մեկ օղակն է։ Անվանի գիտնական-մանկավարժը, որը տնտեսագիտության բնագավառում իր կրթությունն ստացել է Ռուսական տնտեսագիտական դպրոցում (2002 թ.) և Հարվարդի համալսարանում (2008 թ.), գիտական լայն հետաքրքրություններ ունի՝ զարգացող երկրների տնտեսություն, քաղաքական տնտեսություն, տվյալների վերլուծություն։ ՀՊՏՀ-ում նրա դասախոսությունը՝ թվային տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների դերի, թվայնացման մասին, որը նախանշում էր նաև թվային տնտեսության զարգացման հիմնական միտումները, մեծ հետաքրքրություն առաջացրեց ունկնդիրների շրջանում։ Դասախոսությանը հաջորդեց հարցուպատասխանը. պրոֆեսորը սիրով պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Նշենք, որ Ռուբեն Ենիկոլոպովը Հայաստանում է՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած «Գիտության և գործարարության օրեր» միջոցառմանը մասնակցելու նպատակով։