Միայն մայրենիով է հնարավոր հնչեցնել «Հանուն հայրենյաց»-ը. ՀՊՏՀ ուսանողներն աչքի են ընկնում ստեղծագործական ձիրքով

Դիտումների քանակ՝ 1972

«Առինքնող, գեղեցիկ խոսք կառուցելու հմտություններին տիրապետելը մարդու հատկորոշիչ արժանիքներից է՝ անկախ կյանքի նրա ընտրած ուղուց ու մասնագիտությունից»,- այս կարծիքին է ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Զուխրա Երվանդյանը, ում ուսանողները օրերս հերթական անգամ հաճելիորեն զարմացրել են իրենց ստեղծագործական ձիրքով:

Ուսանողների պատկերավոր մտածողության զարգացմանն ուղղված աշխատանքը մասնագետը շատ է կարևորում և մեզ հետ զրույցում նշում է. «Այսօրվա ուսանողը վաղը կյանքի ավելի լայն հարթակներում է գործելու և կարիք է ունենալու իր խոսքում միահյուսելու տարբեր ոճերի տարրեր՝ չխախտելով ոճական միասնության պարտադիր պահանջը: Նման խոսքորակ ապահովելու համար նա պետք է կարողանա  հստակ պատկերացնել բառի, խոսքի կիրառական ոլորտները: Բուհական ծրագրով սահմանված թեմաների զգալի մասը հնարավորություն է տալիս դասախոսին՝ այդ հարցում օգնելու ուսանողին: Եվ ոչ միայն: Օգտվելով ծրագրային թեմաների (տեքստագիտություն, ոճագիտություն, ճարտասանություն, բանակցելու, երկխոսելու, բանավիճելու արվեստ…) ընձեռած հնարավորություններից՝ հայերենի մասնագետներս փորձում ենք նաև սերնդի մեջ ազգային արժեքների նկատմամբ քաղաքացիական դիրքորոշում ձևավորել: Խոստովանենք. միայն մայրենիով, ճիշտ սովորեցրած մայրենիով է հնարավոր «Հանուն հայրենյաց»-ը հնչեցնել այն շեշտադրումով, որն արթնացնում, ներշերտերից բարձրացնում է նախնյաց ոգին»:

Օրերս Զուխրա Երվանդյանը «Հայոց լեզու» առարկայի ծրագրային նյութի շրջանակներում բոլոր ֆակուլտետների 1-ին կուրսերի ուսանողներին հանձնարարել է բարոյահոգեբանական, խոհափիլիսոփայական թեմաներով շարադրություններ գրել, քանի որ համոզված է՝ շարադրությունը  այն տեքստատեսակն է, որը դասախոսին հնարավորություն է տալիս իր դիտարկումներով, դիտողություններով ու գնահատողական խոսքով օգնել ուսանողին՝ դրսից տեսնելու իր ներսի փոքրիկ տիեզերքը և գնահատելու վերուստ իրեն տրվածի չափը: Արդյունքները շատ տպավորիչ են եղել, ուստի դասախոսը որոշել է այն ներկայացնել լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին:

«Այս օրերին իմ ուսանողներից շատերը ցույց տվեցին, որ իրենք գիտակցում են մի իսկություն. այն է՝ յուրաքանչյուր ստեղծագործական աշխատանք, անկախ տեսակից, ինքնին զգացում է, ոգի, գաղափար, մտածելու կերպ ու ոճ, ապրելու ձև: Նման ուսանողների հետ աշխատելու հպարտությունս ուզում եմ արտահայտել՝ նրանց գրած շարադրություններից պատառիկներ մեջբերելով»,- ասաց Զուխրա Երվանդյանը՝ ներկայացնելով ուսանողների աշխատանքներից փոքր կտորներ:

Երբ երկնային անծիրում նոր աստղ է բոցավառվում, երկրի վրա մի նոր սիրտ է սկսում բաբախել, ու թվում է՝ աշխարհը գրկաբաց սպասում էր նրա հայտնվելուն: Թվում է… Ծնվում է մարդը՝ իր երազներով մի նոր երանգ բերելով աշխարհ: Սակայն ապրում է՝ շատ հաճախ կյանքի ճանապարհներին այդ երազները հատ-հատ կորցնելով:   Ու սկիզբ են առնում պատմությունները… Յուրաքանչյուր ոք ծնվում է ի՛ր պատմությամբ: Պատմությունները տարբեր են, սկիզբն ու ավարտն են նույնը…

….Սահմաններն անտեսանելի են: Երբեք չես կարող ասել, թե երբ ահմաններ ստեղծեցիր ինքդ քո և այս աշխարհի միջև: Կան սահմաններ, որոնք, քայլելով քո կողքից ու քեզ հետ հավասար, դառնում են քո ստվերն ու պաշտպանում հարվածներից, ցավից: Կան նաև սահմաններ, որ մի օր սկսում են քեզ առանձնացնել, տարբերակել մյուսներից, ու դու հասկանում ես, որ հենց ինքդ չես հասկանում՝ որտեղից ես սկիզբ առնում, որտեղ՝ վերջանում…

(Սահակյան Էլեն, ֆինանսական ֆակուլտետ, 1-ին կուրս, թեման՝ «Եռամիասնություն»)

Այսքան տարբեր-տարբեր մարդկանց այս կորոնա կոչվածը դրեց բարոյականության կշեռքի հավասար նժարների վրա: Այո՛, անիծյալ է, բայց այս համաշխարհային «մեղադրյալը» բոլորին մտածելու երկար ժամանակ տվեց: Շատ մարդիկ, կարծում եմ, հասկացան, որ կյանքում այնքա¯ն բան կա, որ ոչ վաստակած փառքով ձեռք կբերես, ոչ ունեցած հարստությամբ. ամեն ինչ սին ու դատարկ է, երբ ախտը չոքում է դռանդ…

….Մոլորակը ինքնամաքրվում է, գուցե մենք էլ հետևենք նրան…

(Հովհաննիսյան Աննա, հաշվապահական հաշվառմա և աուդիտի ֆակուլտետ, 1-ին կուրս, թեման՝ «Բազմերես կյանք»)

- Լո՛ւս, գիտե՞ս՝ ինչու աստղերը մեծ քաղաքներում չեն երևում:

- Ինչո՞ւ:

- Որովհետև այդ քաղաքներում ոչ ոք վերև չի նայում… Իսկ ո՞ւմ համար շողան աստղերը: Եթե նրանցով հիացող չկա, նրանց նայող ու երազանք պահող չկա, նրանց հետ թաքուն զրուցող չկա,  էլ ինչո՞ւ երևան աստղերը…

(Գևորգյան Սաթենիկ, ՏԿ և ՄՏՀ  ֆակուլտետ, 1-ին կուրս, թեման՝ «Կորսվող աստղեր»)

Ժամանակի առեղծվածը… Ասում են ժամանակ չկա, «ժամանակ» հասկացությունը մարդիկ հնարել են քաոսի մեջ չապրելու համար: Երևի թե: Համենայն դեպս, ես հաճախ եմ խորհում ինձ տրված, իմ ապրած ժամանակի մասին: Հաճախ ցանկանում եմ, որ ժամանակը թևեր ունենար. ես նստեի այդ թևերին, և նա ինձ տաներ այն աշխարհը, որտեղ երջանկությունն ու հաջողությունը խրախճանքի սեղանի շուրջ ինձ են սպասում: Ես լույսերի մեջ եմ. այնտեղ անհույս սպասում, սուտ ու հիասթափություն չկա, այնտեղ վախեր չկան, բաժանում չկա…

Իսկ հիմա… Հիմա ես պարզապես ժպտում եմ… Վատ չէ նման ժամանակ երազելը…

(Ներսիսյան Լուսինե, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ, 1-ին կուրս, թեման՝ «Ա՛ռ ինձ թևերիդ, ժամանա՛կ»)

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին