ՀՊՏՀ-ով միշտ հպարտացել և շարունակում եմ հպարտանալ. Միքայել Թավադյան
Տնտեսագիտական մայր բուհի հոբելյանին նվիրված` asue.am-ի բլից հարցազրույցների շարքը շարունակվում է: Այսօր մեր զրուցակիցը վաստակաշատ դասախոս, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Միքայել Թավադյանն է:
-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
- ՀՊՏՀ-ն իմ սիրելի աշխատավայրն է:
-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-Բուհում աշխատում եմ արդեն 44 տարի՝ 1976 թվականից առ այսօր:
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
-Սերը իմ աշխատանքի նկատմամբ, սերը իմ ուսանողի նկատմամբ:
-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…
-1975 թվականին, որպես 5-րդ կուրսի ուսանող (ԵՊՀ-ից անջատվելուց հետո):
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
-Քալանթարյան Ռաիսա Բագրատի, Մելիքյան Սերգեյ Մարկոսի, Ներկարարյան Վլադիմիր Սմբատի ՝ իմ ավագ ուսուցիչներն են:
-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
- Երևի կաշխատեի իմ մասնագիտությամբ՝ տնտեսագետ:
-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
- Կարծում եմ, և′ դասախոսների, և′ ուսանողների ընդհանուր նպատակը՝ գիտելիքների ձեռքբերումը, որակյալ մասնագետների պատրաստումը:
-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
- Իհարկե, նույնիսկ չեմ պատկերացնում ինձ որևէ այլ տեղում, միշտ հպարտացել եմ և շարունակում եմ հպարտանալ:
- Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:
- Մի վայրի հետ, որտեղ անկախ տարիքից քեզ երիտասարդ ես զգում՝ շփվելով երիտասարդության հետ:
-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
- Տնտեսագիտության տեսության ամբիոնը:
-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Անշուշտ, դա կատարվում է ամենօրյա շփումների ձևով, մտքերի փոխանակմամբ, քննարկումների, գիտական բանավեճերի միջոցով:
-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….
- Իհարկե, ոչ միայն երիտասարդներն են սովորում ավագ սերնդից, այլ նաև մենք ենք իրենցից շատ բան սովորում, մասնավորապես, տեխնիկական միջոցներից օգտվել, նոր, թարմ մտքեր ու նոր մտածելակերպ:
-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
-Դասախոս լինելը և′ պատվաբեր է, և′ պարտավորեցնող: Իմ կարծիքով, յուրաքանչյուր դասախոս պետք է կարողանա ուսանողի հետ ճիշտ շփվելու եզրեր գտնել, լինել և ′ դաստիարակ, և′ ավագ ընկեր:
-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Կցանկանայի, որ մեր համալսարանը միշտ մնա նույն բարձունքում և շարունակի նորանոր հաջողությունների հասնել ինչպես մատաղ սերնդի կրթման և դաստիարակման, այնպես էլ գիտական ասպարեզներում: Օգտվելով առիթից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում իմ կոլեկտիվին և բոլոր ՀՊՏՀ-ականներին` հոբելյանիս առիթով շնորհավորանքների և մաղթանքների համար:
-Շնորհակալություն: Պարոն Թավադյան, անշուշտ, Դուք մեր բուհի լավագույն դասախոսներից եք: Շատերը գիտեն նաև, որ հումորի մեծ զգացում ունեք: Ասում են` հումորը իմաստության և լավ մարդ լինելու նշան է: Մենք` ՀՊՏՀ-ականներս, հարգում և սիրում ենք Ձեզ: Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն և անսպառ կենսասիրություն: Շարունակելի… ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցներից առաջինին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին