ՀՊՏՀ ուսանողները քննություններ են հանձնում. քննական տրամադրությունները՝ asue.am-ի դիտանկյունից

Դիտումների քանակ՝ 2198

Քննասենյակ մտնելուց առաջ ուսանողներն իրար հետ քննարկում են հարցատոմսերը, վերջին րոպեներին անգամ ջանում մեկ բան ավելի իմանալ ու հնարավորինս պատրաստ ներկայանալ քննությանը: Հունվարի 8-ից ՀՊՏՀ-ում մթնոլորտը քննական է: asue.am-ը այս օրերին շրջել է ֆակուլտետներում, զրուցել ուսանողների հետ, այցելել քննասենյակներ, որտեղ ընթանում են բանավոր ու համակարգչային քննություններ:
Բանավոր քննություններն ավելի դինամիկ մթնոլորտում էին. քննասենյակ մտնող առաջին համարձակների պատասխաններից ոգեշնչվում էին փոքր-ինչ անվստահները, դասախոսներն էլ սպասում էին ուսանողներին, դրվատում օրինակելիներին:
Կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Կարապետյանն այսօր «Հռետորական արվեստ» առարկայի քննությունը գերազանց ստացավ՝ 20 բալից 20:
Մեզ հետ զրույցում ուսանողուհին ասաց, որ այսօր հանձնեց 2-րդ քննությունը, նախորդը ևս գերազանց է ստացել: Մեր՝ քննասենյակ մտնելու պահին նա գեղեցիկ ու ազդեցիկ կերպով խոսում էր և արժանացավ դասախոսների հիացմունքին ու գովեստի խոսքերին:
Նույն առարկայի քննությանն էին պատրաստվում համալսարանի նախասրահում խմբված աղջիկները, որոնցից Լիլիա Ավետիսյանն ասաց, որ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շրջանավարտ է և թե´ բանավոր, թե´ թեստային քննությունների մասնակցելու փորձ ունի:
«Եթե համեմատելու լինենք՝ համակարգչային քննությունն ավելի հեշտ է, քան բանավորը, որովհետև վերջինի դեպքում կոնկրետ ես կաշկանդվում եմ»,-ասաց Լիլիան:
Նախորդ շաբաթ, «Ֆինանսական մենեջմենթ» առարկայի քննությանը, հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 3-րդ կուրսեցի Անահիտ Գևորգյանը asue.am հետ զրույցում ասաց, որ նախընտրում է բանավոր քննությունը, քանի որ այն թույլ է տալիս ավելի լավ դրսևորել սովորածը, բացի դրանից՝ դասախոսները ճանաչում են իրենց, դա էլ իր հերթին է ոգևորում: «...Իսկ համակարգիչը մեզ չի ճանաչում»,-կես կատակ կես լուրջ ասաց ուսանողուհին՝ վերահաստատելով իր այն համոզմունքը, որ բանավոր եղանակն ավելի լավ է: Ուսանողներից մեկն էլ այս համատեքստում հավելեց, որ սովորողի համար, մեծ հաշվով, քննության անցկացման ձևը էական չէ:
Ընդհանուր առմամբ, ուսանողները պատասխանատվության գիտակցումով են ներկայանում քննական ստուգատեսին՝ նշելով, որ այս շրջանում իրենց ամենակարևոր անելիքը սովորելն է:
Սիրելի´ ՀՊՏՀ-ականներ, թող քննաշրջանը ձեզ համար լիովին ծառայի նպատակին՝ դառնա նախորդ կիսամյակում սովորածն ամրագրելու, գիտելիք կուտակելու, մասնագիտության մեջ թրծվելու ժամանակահատված:
Մաղթում ենք, որ բոլորդ ժպիտով դուրս գաք քննասենյակից:
Հիշեցնենք, որ քննությունները կշարունակվեն մինչև փետրվարի 28-ը: Հեռակա կրթաձևի ուսումնական պարապմունքների, քննությունների, վերահանձնումների, փորձառությունների կազմակերպման ժամանակացույցը հրապարակված է asue.am-ում, կարող եք ծանոթանալ այստեղ:
Հավելենք նաև, որ վաղը ՀՊՏՀ 5-րդ մասնաշենքում համակարգչային քննություն են հանձնելու Զեյթունում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները: Նրանք նույնպես կդառնան մեր քննական լուսանկարային շարքի հերոսները:

ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում կարող եք դիտել լուսանկարային շարքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին