ՀՊՏՀ-ում վերանայվում է փորձառությունների կազմակերպման գործընթացը. ուսանողների հետ հանդիպեցին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ներկայացուցիչները

Դիտումների քանակ՝ 2144

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վերանայվում է փորձառությունների կազմակերպման գործընթացը, որի նպատակը ոչ միայն պրակտիկաների կազմակերպման ձևը, այլև դրանց բովանդակությունը փոխելն է՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին համալսարանում ստացած գիտելիքներն ամրապնդել իրական փորձառությամբ:

Փետրվարից ՀՊՏՀ-ում սկսվում է առկա բակալավրիատի, առկա մագիստրատուրայի և հեռակա բակալավրիատի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը: Աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի կազմակերպման բաժինն այս շրջանում զբաղված է այդ գործընթացի կազմակերպմամբ:

Բաժնի պետ Գևորգ Սարդարյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց, որ այս տարի փորձառության պետք է մասնակցի շուրջ 1600 ուսանող: Գործընթացը պատշաճ իրականացնելու համար աշխատանքներ են իրականացվում պետական կառույցների և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ (շուրջ 80):

Գևորգ Սարդարյանի խոսքով՝ փորձառությունների կազմակերպման համատեքստում այսօր շուրջ 40 ուսանողների հետ հանդիպեցին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի աշխատակիցները և անցկացրեցին թեստավորում, որի արդյունքները հայտնի են և որոնց մասին ուսանողները կտեղեկացվեն: Բաժնի ղեկավարի խոսքով՝ սա հիանալի առիթ է նաև ուսանողներին աշխատանքով ապահովելու համար:

«Մեր նպատակն է ուսանողներին հավաստիացնել, որ լավ սովորելու դեպքում նրանք հնարավորություն կստանան բարձր վարձատրվող աշխատանքի անցնել պետական կառույցներում և ֆինանսների, կապի, հեռահաղորդակցության, ապահովագրության և այլ ոլորտների լավագույն մասնավոր կազմակերպություններում: Ավելացնեմ, որ մեր ուսանողների հետաքրքրության շրջանակներում է նաև հյուրանոցային սպասարկման և ծառայության ոլորտը»,- մեզ հետ զրույցում ասաց Գևորգ Սարդարյանը:

Մեր գործընկերոջ խոսքով՝ բաժինն այս պահին ունի թափուր հաստիքների վերաբերյալ հայտեր և աշխատանք փնտրող ՀՊՏՀ ուսանողներն ու շրջանավարտները կարող են դիմել վերանշյալ բաժին՝ career@asue.am էլ. փոստի հասցեով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին