ՀՊՏՀ ուսանողներն ուսումնական այց են կատարել «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկ

Դիտումների քանակ՝ 3301

Հաշվապահակական հաշվառում մասնագիտացման 1-ին կուրսի մագիստրանտներն ուսումնական տարվա ավարտին «Բանկային հաշվառման հիմնախնդիրները» առարկայի գիտելիքներն ամփոփել են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի «Նոր Ավան» նորարարական մասնաճյուղում: Դասախոս, ֆինանսական հաշվառման ամբիոնի դոցենտ, տ.գ.դ., նշված բանկի գլխավոր հաշվապահ Արմեն Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 13-ին ուսանողներն այցելել են բանկ, լսել «Նորարարական բանկային տեխնոլոգիաների հաշվառման առանձնահատկությունները» թեմայով դասախոսություն, ապա ծանոթացել բանկի նորարարական տեխնոլոգիաներին ու համալսարանում ստացած իրենց գիտելիքներին գործնական կիրառություն տվել:

Մեզ հետ զրույցում Արմեն Հակոբյանն ասաց, որ ապագա հաշվապահները ավելի քան 4 ժամ անցկացրել են բանկում, հարստացրել և' տեսական, և' գործնական գիտելիքները: Մասնավորապես, տեսել են, թե ինչպես են իրականացվում վճարահաշվարկային, վարկային և ավանդային գործառնությունները, փաստաթղթավորումը և առհասարակ, բանկային գործը:

Մասնաճյուղի տնօրեն Մարինա Շիրինյանը ներկայացրել է բանկի աշխատանքային ուղղությունները, կառուցվածքը և գործունեությունից բխող մի շարք հարցեր, իսկ վերջում ուսանողներին հուշանվերներ է հանձնել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին