Ռուբեն Հայրապետյան. Ուսանողների պարբերական հարցումները փոքր, բայց անբաժանելի մասն են ՀՊՏՀ-ում ընթացող համակարգային փոփոխությունների

Դիտումների քանակ՝ 2361

ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում այսօր կայացավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը ուսանողների հետ, որոնց թվում էին ոչ միայն առկա, այլև հեռակա կրթաձևի ներկայացուցիչներ: Հանդիպման առիթը ՀՊՏՀ-ում ներդրվելիք ուսանողական էլեկտրոնային հարցումների հայեցակարգի ներկայացումն էր:

Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց հայեցակարգը, մատնանշեց հիմնական առանձնահատկությունները՝ դրանց շարքում առանձնացնելով հետևյալը՝ հարցումները լինելու են անանուն, իրականացվելու են «Մուդըլ» համակարգում՝ էլեկտրոնային եղանակով, հարցումը լինելու է հնարավորինս պարզեցված, ներառելու է 10 հարց յուրաքանչյուր դասախոսի մասին, որոնցից 9-ը ուղղորդող և միայն վերջինը պարտադրող: Հարցմանը պարտադրող ձայնի իրավունքով մասնակցելու համար ուսանողը պետք է նախորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքում ապահովի առնվազն 13.0 ՄՈԳ: Եթե անգամ ամբողջ ուսումնառության ընթացքում ուսանողի ՄՈԳ-ը ցածր է եղել, տվյալ կիսամյակում նա կարող է այն բարելավել և մասնակցել հարցմանը: Ուսանողներին փակ ծրարով կտրվի համակարգ մուտք գործելու հասցեն ու գաղտնաբառը: Համալսարանի ղեկավարի ներկայացմամբ, նախատեսվում է հարցումներն իրականացնել յուրաքանչյուր կիսամյակ՝ նախորդ կիսամյակում դասավանդած դասախոսների մասին: Հարցման արդյունքներն օգտագործվելու են դասախոսների պարգևավճարները տարբերակելու նպատակով: Հարցման արդյունքում շատ ցածր գնահատականի դեպքում խնդիրները վերհանվելու են և դասախոսներին դրանք շտկելու հնարավորություն է տրվելու, իսկ ծայրահեղ բացասական գնահատականի դեպքում, երբ ակնհայտ է, որ դասախոսը բացարձակապես կոմպետենտ չէ, նրա հետ պայմանագիր կարող է լուծվել:

«Ուսանողների պարբերական հարցումները փոքր, բայց անբաժանելի մասն են համակարգային այն փոփոխությունների, որոնք ներկայում ընթացքի մեջ են»,- շեշտադրեց Ռուբեն Հայրապետյանը:

Այնուհետև ՀՊՏՀ էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի աշխատակիցների օգնությամբ մեկ ուսանողի կողմից դահլիճում իրականացվեց փորձնական հարցում՝ ուսանողների համար գործընթացն ավելի տեսանելի դարձնելու նպատակով:

«Այս հայեցակարգը վերջնական չէ, քանի դեռ չենք քննարկել ձեզ հետ, չենք լսել ձեր մոտեցումները: Մեր համալսարանում, սիրելի' ուսանողներ, այժմ մասշտաբային փոփոխություններ են, և այս հարցումների հայեցակարգի ներդրումն էլ իմաստավորվում է այս շրջանում իրականացված բոլոր բարեփոխումների համատեքստում: Մեզ համար շատ կարևոր է, որ համակարգը ճիշտ գործի և ծառայի իր նպատակին: Մեր համոզմունքն այն է, որ ուսանողներին պետք է հնարավորություն տրվի համակարգված ձևով արտահայտելու իր կարծիքը, ուստի կարծում ենք, որ այս հարցումների համակարգը պետք է ծառայի այդ նպատակի իրագործմանը»,- դիմելով ուսանողներին՝ հայտարարեց համալսարանի ղեկավարը: Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց նաև. «Շատ կարևոր է, որ դուք այս հարցին մոտենաք բարձր գիտակցությամբ և այն ընկալմամբ, որ համալսարանի ղեկավարության և ուսանողների շահերը համընկնում են՝ երկու կողմերի նպատակն էլ մեկն է՝ բարելավել կրթության որակը: Եվ սա պետք է անել գործընկերային համագործակցությամբ: Մեր ցանկությունն է այնպես անել, որ բոլոր շահակիցները դառնան մեր համալսարանի առաքելության կրողը»:

Այնուհետև ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք մի քանի տասնյակ էին: Շուրջ 3 ժամ տևած հանդիպմանը ուսանողները ներկայացրեցին իրենց առաջարկները, մոտեցումները, համակարգի աշխատանքի վերաբերյալ հարցադրումներ, որոնց Ռուբեն Հայրապետյանը մանրամասն պատասխանեց, ներկայացրեց պարզաբանումներ, ընդունելի առաջարկների մասով էլ խոստացավ դրանք ներառել հայեցակարգում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին