Համագործակցություն Կաունասի տեխնոլոգիական համալսարանի հետ. այցելել է ՀՊՏՀ դասախոսը

Դիտումների քանակ՝ 1539

«Էրազմուս+» ծրագրով Կաունասի տեխնոլոգիական համալսարան (Լիտվա) է այցելել ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Բադալյանը: Ապրիլի 29-ից մայիսի 3-ը նա Լիտվայի համալսարանի մագիստրոսական խմբերում դասախոսել է նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում թվային մարքեթինգի վրա ներքին և արտաքին միջավայրի ազդեցության շուրջ, նաև, կիրառելով թվային ոլորտի արդի գործիքակազմը՝ մրցակիցների և մրցակցային միջավայրի ուսումնասիրության թեմայով գործնական աշխատանք է անցկացրել նրանց հետ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում երիտասարդ դասախոսը, խոսելով իր տպավորությունների մասին, ասաց, որ «Էրազմուս+»-ը նոր ակադեմիական միջավայրում գտնվելու, նոր փորձի և մշակույթի առնչվելու եզակի հնարավորություն էր:

«Ինչպես յուրաքանչյուր փորձառություն, սա էլ մտահորիզոն ընդլայնող, նոր բացահայտումներով հագեցած էր, կարևոր եմ համարում նաև այն, որ փորձում ենք շարունակական համագործակցություն ծավալել Կաունասի տեխնոլոգիական համալսարանի հետ: Մասնավորապես, դասախոս Ելենա Վիտկաուսկայտեն հետաքրքրվել է մեր համալսարանով և ցանկություն հայտնել առաջիկայում մեզ հյուրընկալվելու: Տպավորող էր հատկապես այն, որ այս համալսարանն ակտիվորեն գործակցում է բիզնես կազմակերպությունների հետ՝ լրացնելով ուսանողների պրակտիկ գիտելիքների բացը: Օրինակ, մագիստրոսները մի որոշ ժամանակ վարում են առաջատար կազմակերպությունների մարքեթինգը, ըստ էության, անցնելով փորձառություն»,-ասաց Ալբերտ Բադալյանը և նշեց, որ հանդիպել է նաև այնտեղ սովորող ՀՊՏՀ ուսանող Դավիթ Խառատյանի հետ:

Կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ Միքայել Մարդումյանի հետ Ալբերտ Բադալյանը քննարկել է այցի արդյունքները և օտարերկրյա բուհի օրինակելի փորձը ՀՊՏՀ-ում ներդնելու ուղիները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին