Հայաստանի ներդրումային դաշտի մասին հետազոտության շնորհանդես Ազգային ժողովում

Դիտումների քանակ՝ 1533

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների նախաձեռնությամբ մայիսի 22-ին կազմակերպել էր «Հայաստանի ներդրումային միջավայրը, իրավական դաշտը և առկա հիմնախնդիրները» խորագրով հետազոտության շնորհանդեսը:

Միջոցառումն իրականացվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ: Մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, տնտեսագետներ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներ:

Տնտեսական լրագրողների ակումբի գործադիր տնօրեն Աննա Բաղդասարյանը, բացելով հանդիպումը, նշեց, որ իրենց ակումբը տարիներ շարունակ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է տարբեր միջոցառումներ` փորձելով բարձրաձայնել տնտեսական ոլորտի խնդիրներն ու ձեռքբերումները: Ըստ նրա` հետազոտությունը կարող է լինել քննարկումների հարթակ տնտեսագետների համար, ուղեցույց՝ լրագրողների և տնտեսությամբ զբաղվող երիտասարդ գիտնականների ու պետական ծառայողների համար:

Ելույթով հանդես եկավ նաև «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելը՝ նշելով, որ հետազոտության մեջ արծարծված է մարտահրավեր ներկայացնող թեմա, ապա նաև վերահաստատելով համագործակցության հարցում հիմնադրամի հանձնառությունը՝ ընդգծելով, որ փոխգործակցությունը հայկական կողմի հետ արդյունավետ է:

Այնուհետև ներկայացվեց հետազոտությունը. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՊՏՀ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը, ով նաև հետազոտության հեղինակներից է, ընդգծեց, որ ուսումնասիրությունը 4 առանցքային հարցերի է անդրադարձել՝ միջազգային համադրություններ, Հայաստանում ներդրումային ներուժի խնդիրներ, դրանց փաստացի կատարողական, իրավական կարգավորում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ փորձագետ, հետազոտության հեղինակ Արմեն Քթոյանը մանրամասնեց ուսումնասիրության նպատակներն ու ուղղությունները, ներկայացրեց ներդրումային միջավայրի ընդհանուր դիտարկումները, գործարար միջավայրի վրա ազդող գործոնները, անդրադարձավ պետություն-մասնավոր գործընկերություն հարաբերություններին, հատուկ տնտեսական գոտիների խնդիրներին:

Հետազոտության շնորհանդեսից հետո ծավալվեց քննարկում, հնչեցին հարցեր, ինչպես նաև ելույթներով հանդես եկան տնտեսագետ, փորձագետ Վահագն Խաչատրյանը, ով նաև ՀՊՏՀ խորհրդի անդամ է, «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը՝ արժևորելով հետազոտությունը, շեշտադրելով դրա կարևորությունը:

Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին