«Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագիրը բարեփոխվել է և կրկին հրավիրում է դիմորդներին

Դիտումների քանակ՝ 2643

Սիրելի՛ դիմորդներ, այս տարի ամբողջովին բարեփոխվել է «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Այն վերամշակվել է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի կողմից համաֆինանսավորվող ՐԻՖԱՅՆ  նախագծի շրջանակներում և հիմնական նպատակն է ՀՊՏՀ-ում հենց այդ ծրագրի բովանդակության, դասավանդման մեթոդաբանության, մանկավարժական մոտեցումների բարելավումը: Այս ծրագիրը համապատասխանեցված է աշխատաշուկայի պահանջներին՝ ՀՀ տնտեսությանը բարձրորակ շրջանավարտներով ապահովելու համար:

Ինչպես հայտնում են ծրագրի համակարգմամբ զբաղվող մեր համալսարանի միջազգային կապերի բաժնի գործընկերները, «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագրի բարեփոխման նպատակով այդ ծրագրի շրջանակներում դասավանդող ՀՊՏՀ 8 դասախոսները Ավստրիայում, Սլովակիայում, Նիդեռլանդներում և Ֆրանսիայում գործող, նախագծի գործընկեր-համալսարաններում մասնակցել են երկշաբաթյա վերապատրաստումների, վերամշակել են իրենց առարկաները՝ համագործակցելով այդ համալսարանների համապատասխան ոլորտի լավագույն մասնագետների հետ: Համատեղ ջանքերի արդյունքում կազմվել են արդիականացված և նորագույն միջազգային զարգացումներին համահունչ ուսումնական պլաններ, որոնք կնպաստեն ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջների բավարարմանը:

«Կորպորատիվ ֆինանսներ» ծրագրի շրջանակներում տրվող գիտելիքների, հմտությունների, կարողությունների և այլ մանրամասների մասին կարող եք կարդալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին