«Ինչպե՞ս կառուցել հաջողակ կարիերա ՀՀ ֆինանսական ոլորտում» առցանց միջոցառմանը մասնակցել են 7 տասնյակից ավելի ուսանողներ
Եվրոպական միության REFINE նախագծի շրջանակներում մայիսի 22-ին, տեղի է ունեցել կարիերայի խորհրդատվության միջոցառում՝ «Ինչպե՞ս կառուցել հաջողակ կարիերա ՀՀ ֆինանսական ոլորտում» խորագրով: ՀՊՏՀ-ից մասնակցել են միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը։ Հաջողակ կարիերա կառուցելու վերաբերյալ իրենց գործնական խորհուրդներով 75 մասնակից-ուսանողների ուղղորդել են ֆինանսական ոլորտի մի շարք առաջատար ու փորձառու մասնագետներ: Բանախոսներն են եղել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ՄՌԿ մասնագետ Անի Պողոսյանը, Հայաստանի ֆոնդային բորսայի ՄՌԿ և կազմակերպության զարգացման ղեկավար Լիլիթ Գևորգյանը, Ինեկոբանկի տաղանդների ներգրավման և ինտեգրման ավագ մասնագետ Էլինա Ստեփանյանը, վերապատրաստումների և մասնագիտական զարգացման ավագ մասնագետ Արփինե Բարսեղյանը, Արդշինբանկի կորպորատիվ մշակույթի զարգացման պատասխանատու Արսինե Փանոսյանը, անձնակազմի հավաքագրման պատասխանատու Անի Կիրակոսյանը: Այս մասին asue.am-ին հայտնեցին ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից:
Մեր գործընկերների հաղորդմամբ, միջոցառման ընթացքում խոսնակները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` այն որակներն ու հմտությունները, որոնք պետք է ունենալ կարիերայում հաջողության հասնելու համար. ինքնակրթության ու կամավորության դերը կարիերայի կառուցման ճանապարհին, գործատուի կողմից soft և hard հմտությունների կարևորությունը հավաքագրման և վերապատրաստման ընթացքում, ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան դիրքավորվել և աչքի ընկնել բարձր մրցակցային աշխատաշուկայում:
Ուսանողները հղել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ։Նշենք, որ միջոցառման ընթացքում խոսվել է նաև REFINE նախագծի շրջանակներում վերամշակված «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական կրթական ծրագրի մասին, որի մանրամասները հասանելի են այստեղ։
Հիշեցնենք, որ ՐԻՖԱՅՆ-ը («Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում») ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը: Նախագծի մասին ավելին՝ համալսարանի պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին