ՀՊՏՀ մագիստրոսները համալրում են մաքսային վարչարարների շարքերը

17.01.2023
Դիտումների քանակ՝ 1374

«Մաքսային վարչարարություն» կրթական ծրագրով մագիստրոսական թեզերի պաշտպանությամբ այս օրերին ՀՊՏՀ-ն, ամփոփիչ ատեստավորման գործընթացի շրջանակում, մասնագիտական ճանապարհի ուղեգրեր է շնորհում 2022-2023 ուստարվա իր 16 շրջանավարտներին, որոնք շուտով կհամալրեն ՀՀ տնտեսության բանիմաց և որակավորված մասնագետների շարքերը։

«Մաքսային վարչարարությունը» բուհի մագիստրոսական կրթական ծրագրերից է, որի դասավանդմանը ներգրավված են ինչպես համալսարանի լավագույն դասախոսները, այնպես էլ ոլորտում աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ: 1.5 տարի տևողությամբ կրթական ծրագիրը ներդրվել է 2020-2021 ուստարվանից: Այս տարի բուհը ճանապարհում է շրջանավարտների երկրորդ սերնդին:

«Տարիներ շարունակ հայաստանյան բուհերում մաքսային վարչարարության մասնագետներ չեն պատրաստվել, և երկու տարի առաջ մեր համալսարանի ղեկավարությունն իր առջև խնդիր դրեց լրացնելու այդ բացը։ Այսօր կարող ենք փաստել, որ մագիստրոսական այս կրթական ծրագիրը հաջողել ենք և ոլորտն ապահովում ենք բարձրորակ կադրերով»,- մեկնաբանում է «Մաքսային վարչարարություն» կրթական ծրագրի ղեկավար Գրիգոր Նազարյանը։

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ Արա Մկրտչյանի փոխանցմամբ՝ ներկայացվող թեզերն արժեքավոր ու կիրառական են, քանի որ ղեկավարվում են բանիմաց գիտնական-մանկավարժների կողմից, և մագիստրոսներից շատերը հետազոտական աշխատանքը կառուցում են գործնական հենքի վրա:«Մագիստրոսների կեսից ավելին ուսմանը զուգահեռ աշխատել է մասնագիտությամբ, շատերն ընտրություն են կատարել՝ համոզված, որ ձեռք բերած նորագույն գիտելիքը կարող է նպաստել աշխատանքային առաջխաղացմանը»,- ասում է Արա Մկրտչյանը և հավելում՝ շրջանավարտներից շատերն ընտրում են գիտամանկավարժական ուղին, ընդունվում ասպիրանտուրա, շարունակում համագործակցել ամբիոնի և բուհի հետ։

Լենա Բարսեղյանը, որպես «Մաքսային վարչարարություն» կրթական ծրագրի շրջանավարտ, շուտով իր մասնագիտական ուղին կշարունակի որպես տնտեսագիտության մագիստրոս՝ հաջողությամբ կիրառելով ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները։ «Մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցները և դրանց կիրառումը ԵԱՏՄ-ում» մագիստրոսական թեզը պաշտպանելու է եկել ինքնավստահ ու հստակ ասելիքով, ավելին՝ նույն օրն առավոտյան հերթական գրավիչ աշխատանքի առաջարկն է ստացել, այս անգամ՝ Արարատյան մաքսատնից։

«Այս մեկուկես տարվա ընթացքում խորապես ուսումնասիրել ենք ոլորտը,- ասում է Լենան։- Համալսարանը մեզ փորձառության լայն հնարավորություն է տվել ՊԵԿ-ի մաքսային հսկողության վարչությունում։ Բացի դրանից, դասախոսական կազմի անդամները առավելապես ՊԵԿ-ի աշխատակիցներ էին, նրանց փոխանցած գիտելիքն ու գործնական հմտություններն ինձ օգնել են, և համոզված եմ՝ կիրառելի կլինեն ապագայում»։

Իսկ ապագայում Լենայի նախընտրությունը ՊԵԿ-ում մաքսային տեսուչ աշխատելն է։ Ասպիրանտուրա դիմելու հանգամանքը թեև չի բացառում, բայց մոտակա երկու տարիներին մտադիր է աշխատանքային կարիերա կառուցել։«Եթե սիրում եք մաքսային գործը, ապա խորհուրդ կտամ մասնակցել հենց այս ծրագրին․ սա հնարավորություն է, փորձ ու գիտելիք»,- ասում է Լենան։

«ԵԱՏՄ մաքսային քաղաքականության առանձնահատկությունները, հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» Արամ Բաղդասարյանի մագիստրոսական թեզի թեման է։ Կրթական ծրագիրն ուսումնասիրելու ընթացքում Արամը աշխատել է որպես հաշվապահ, կատարել ներմուծումների հաշվառում, որը պահանջում էր մաքսային վարչարարի հմտություններ։

«Ծրագիրը մեզ հնարավորություն է ընձեռել ուսումնասիրելու ԵԱՏՄ-ի էությունը և վարվող քաղաքականությունը, խոր գիտելիք ենք ստացել համաշխարհային տնտեսական ինտեգրացիոն միավորումների, մաքսային համակարգի, մաքսային գործեունեության արդի միտումների վերաբերյալ»,- ասում է Արամը ու եզրափակում՝ նեղ մասնագիտացման ճանապարհին իր կատարած ընտրությունից գոհ է և բարձր է գնահատում ՀՊՏՀ շնորհած մագիստրոսական կրթությունն ու որակավորումը։