Մասնագիտական նոր հեռանկարներ՝ «Աուդիտ» կրթական ծրագրի մագիստրոսների համար
ՀՊՏՀ «Աուդիտ» մասնագիտության 33 շրջանավարտ շուտով մասնագիտական իր ուղին կշարունակի որպես տնտեսագիտության մագիստրոս։ 1․5 տարի տևողությամբ կրթական այս ծրագրով մասնագիտացած և այս օրերին մագիստրոսական թեզ պաշտպանողների գերակշիռ մասը ՀՊՏՀ բակալավրիատի լավագույն շրջանավարտներն են, որոնք միջազգային չափանիշներին համապատասխան գործնական և տեսական գիտելիքների, հմտությունների և կարողությունների տիրապետելու համար կրթությունը որոշել են շարունակել հենց այս մագիստրոսական ծրագրով։
Աուդիտորական ընկերության, վերստուգիչ հանձնաժողովի, Աուդիտի կոմիտեի ղեկավար կամ անդամ, փորձագետ-հաշվապահ կամ հաշվապահ-աուդիտոր․ սրանք այն պաշտոններն են, որոնց կարող են հավակնել կրթական ծրագրի շրջանավարտները։ Ծրագիրը գործում է արդեն 3 տարի՝ շարունակ ապահովելով ընդունելության թվի բարձր ցուցանիշ։ Ծրագրի ղեկավար, ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանի փոխանցմամբ՝ առկա մագիստրատուրայում սովորողների ավելի քան 90 տոկոսը աշխատում է մասնագիտությամբ։ Շատ հաճախ գործատուն ինքն է դասավանդում և, ուսումնասիրելով լսարանը, լավագույն կադրերին ապահովում աշխատանքով։ «Մագիստրանտների ամեն հաջորդ սերունդ գերազանցում է նախորդին, թարմ շունչ բերում։ Պիտի անկեղծ լինեմ՝ սովորողների այնպիսի լսարան է, որտեղ գրեթե բոլորն են բանիմաց ու պահանջկոտ, իսկ դասավանդողները ոլորտի լավագույն մասնագետները և մեր համալսարանի առաջատար գիտնական-մանկավարժներն են»։
Լիանա Գրիգորյանը փաստում է՝ ներկայացվող ատենախոսությունները արժեքավոր են ու կիրառելի․ «Քանի որ մեզ մոտ գալիս են հիմնականում բակալավրիատի գերազանցիկները, որոնք արդեն իսկ աշխատում են որպես հաշվապահ-աուդիտոր, շատերը նույնիսկ՝ միջազգային կազմակերպություններում, հետևաբար ներկայացվում են առաջադրվող բարձր չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ»։
Անահիտ Մկրտչյանը գերազանցությամբ բակալավրիատն ավարտել է «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», այժմ մագիստրատուրան՝ «Աուդիտ» մասնագիտությամբ։ Մտադիր է ուսումը շարունակել ՀՊՏՀ ասպիրանտուրայում։ Մագիստրատուրայում ուսումնառելու առաջին իսկ տարվանից աշխատել է Grant Thornton ընկերությունում՝ որպես հաշվապահ-խորհրդատու։ Ասում է՝ կրթական ծրագիրն ամբողջությամբ բավարարել, ավելին՝ գերազանցել է իր սպասելիքները․ «Դասախոսների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ ավելի ինքնավստահ եմ դարձել, աշխատանքում՝ ավելի հմտացել։ Կարծում եմ՝ մագիստրատուրան զգալիորեն նպաստել է իմ մասնագիտական աճին»։
«Ֆինանսական պարտավորությունների վերլուծության հիմնախնդիրները» Անահիտ Մկրտչյանի մագիստրոսական թեզի թեման է։ «Քանի որ աշխատում եմ հաշվապահական կազմակերպությունում, և մեր հաճախորդների մեծ մասն ունի ֆինանսական պարտավորություններ, այդ տեսանկյունից, իմ մագիստրոսական թեզն օգնեց, որ ավելի խորությամբ դիտարկեմ կազմակերպության ֆինանսական պարտավորությունները և ավելի ճիշտ վերլուծություններ իրականացնեմ»,- ասում է Անահիտը։
Աուդիտորական ընկերություններում մասնագիտական աշխատանքի փորձը Վարդուհի Թամանյանին օգնել է իր մագիստրոսական թեզը՝ «Ֆինանսական գործակիցների վերլուծության հիմնախնդիրները», կառուցել գործնական գիտելիքի ու փորձի հիման վրա։ Ուսումնառության մեկուկես տարին, Վարդուհու համոզմամբ, կարևոր ժամանակահատված էր թե′ հիմնավոր և բազմակողմանի գիտելիք, թե′ գործնական հմտություններ ձեռք բերելու համար։ Այն նաև հրաշալի նախադրյալ է բարձրագույն կրթության երրորդ աստիճանը ՀՊՏՀ ասպիրանտուրայում գիտահետազոտական աշխատանքով եզրափակելու և աշխատանքային նոր հեռանկարներ նախանշելու համար․ «Այս պահին աշխատում եմ Հայաստանում աուդիտի զարգացող ճյուղերի վրա և հույս ունեմ, որ շատ շուտով մեր երկրում կսկսի գործել այդ համակարգը»։