Միջազգային մրցունակ ծրագրերի մշակումը կարևոր է. քննարկում բուհի միջազգայնացման շուրջ

Դիտումների քանակ՝ 2469

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինն այսօր համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին հրավիրել էր հանդիպման՝ քննարկելու միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու մանրամասները:

Մայր համալսարան էին ժամանել նաև Գյումրու մեր գործընկերները, միջազգային կապերի պատասխանատուները: Հանդիպումը վարեցին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը:

Դիանա Գալոյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ բուհի համար միջազգայնացումը գերակա ուղղություն է, և այս համատեքստում կարևոր է գիտական ներուժ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի համախմբումն ու համատեղ միջազգային մրցունակ ծրագրերի մշակումը: Միաժամանակ, բուհի ղեկավարն ընդգծեց, որ թիրախային են թե՛ ուսումնական, թե՛ գիտական և թե՛ հետազոտական միջազգային ծրագրերը:

Վարդ Ղուկասյանն ու Արփինե Ջրաղացպանյանը ներկայացրին միջազգային հիմնադրամները, որոնք ֆինանսավորում են կրթական, ակադեմիական, հետազոտական ծրագրերը: Erasmus+ KA2, Visegrad, Creative Spark, Horizon2020, Appear, Ժան Մոնե և այլ...նրանք աջակցում են՝ կյանքի կոչելու կրթության ու գիտության արդի մարտահրավերներին պատրաստ գաղափարները: Ի դեպ, նշված ԵՄ ծրագրերից շատերին ՀՊՏՀ-ն անդամակցում է, նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակը: Ներկայացվեցին նաև այն միջազգային ծրագրերը, որոնցում ներգրավված է ՀՊՏՀ-ն:

Խնդրի շուրջ ծավալվեց քննարկում, մասնակիցները փոխանակեցին իրենց մտքերն ու փորձը, ստացան օգտակար խորհրդատվություն:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ միջազգայնացման գործընթացի մանրամասներն արտացոլված են asue.am-ի Միջազգային ծրագրեր խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին