Համալսարանական սպորտի զարգացումը՝ ուշադրության կենտրոնում

23.03.2023
Դիտումների քանակ՝ 940

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈՒՄՖ) նախագահ, Հայաստանի թեքբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Գաբրիելյանը օրերս է վերադարձել Իսպանիայից։ Մայրաքաղաք Մադրիդում մարտի 16-19 մեր երկրի հավաքականը European Teqball Tour-ի շրջանակներում մասնակցում էր որակավորման մրցաշարի և գոհացնող արդյունքներ է գրանցել։ Բարելավելով վարկանիշը՝ մեր մարզիկները հնարավորություն են ստացել մասնակցելու այս ամռանը Լեհաստանի Կրակով քաղաքում կայանալիք Եվրոպական 3-րդ խաղերին։

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը հանդիպումներ է ունեցել Իսպանիայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ղեկավար կազմի հետ, ձեռք բերել ապագայում համագործակցելու պայմանավորվածություններ, ներկայացրել իր տեսլականը համալսարանական սպորտի զարգացման վերաբերյալ, անդրադարձել նաև ՀՊՏՀ մարզիկների հաջողություններին, ընդգծել ուսանողության շրջանում սպորտի և առողջ ապրելակերպի խրախուսման ուղղությամբ մեր համալսարանի հետևողական ջանքերը։

Մեզ հետ զրույցում, ներկայացնելով այցի մանրամասները, Հովհաննես Գաբրիելյանն ուրախությամբ ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն դառնում է Հայաստանում թեքբոլի զարգացման կենտրոն, այստեղ են անցկացվում հավաքականի մարզումները, և այդ համատեքստում սույն այցն էական նշանակություն ունի։

Ի դեպ, ՀՊՏՀ-ն հայաստանյան առաջին բուհն է, որն անդամակցել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային և 2025 թվականին Երևանում կայանալիք շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնության հյուրընկալող կողմն է և կազմակերպիչը։