ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների համահիմնադիր Էմիլ Կրոյանը բաց դաս է վարել մեր ուսանողների համար

05.03.2021
Դիտումների քանակ՝ 1372

Տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում անցկացվել է «Թվայնացման դերը բիզնեսում» խորագրով բաց դաս, որը վարել է “Targeting”, “Arm Adventure” և “Simple Solutions” ընկերությունների համահիմնադիր, ՀՊՏՀ շրջանավարտ Էմիլ Կրոյանը։

Դասին մասնակցել են տեղեկատվական համակարգեր մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները, ներկա են եղել վերը նշված ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Ղազարյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դասախոսներ։

Քննարկվել են ավանդական և թվային մարքեթինգի տարբերությունները, սոցիալական հարթակներում բիզնեսի ներկայացման, թիրախային խումբ ընտրելու առանձնահատկությունները, արտադրանքի կամ ծառայության գովազդման նրբությունները, ծավալվել է ակտիվ հարցուպատասխան։

asue.am հետ զրույցում Արմեն Ղազարյանը նշեց, որ ամբիոնը մեկնարկում է արդի թեմաներով բաց դասերի շարք՝ պրակտիկ մասնագետների ներգրավմամբ, որի նպատակը ուսանողների գործնական հմտությունների զարգացումն է։

«Կոնկրետ այս դասի անցկացման նպատակը ՏՏ ոլորտը ուսումնասիրող կրտսեր համալսարանականների մոտ այս հեռանկարային ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն էր և հաջողակ երիտասարդ մասնագետի փորձով նրանց ոգևորելը»,-ասաց Արմեն Ղազարյանը։

Հավելենք, որ “Simple Solutions”  և “Targeting” ընկերությունների և ՀՊՏՀ-ի միջև այս տարի ստորագրվել է համագործակցության հուշագրեր։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին