Ամեն ինչ սոցիալական ձեռնարկատիրության մասին

Դիտումների քանակ՝ 1894

Աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Անահիտ Մելքումյանի և դոցենտ Լուսինե Կարապետյանի համատեղ նախաձեռնությամբ այսօր սոցիալական ձեռնարկատիրակական գործունեության առանձնահատկությունների վերաբերյալ բաց դաս վարեց սոցիալական ոլորտի հիմնախնդիրների փորձագետ, վերլուծաբան, դասընթացավար Անի Ջաբաղյանը: Մասնակցում էին ամբիոնների դասախոսներ, ուսանողներ:

Փորձագետն անդրադարձավ «սոցիալական ձեռնարկատիրություն» հասկացությանը, դրա շարժառիթներին: Ընդհանուր առմամբ, նպատակը մարդկանց որոշակի խմբերին սոցիալական աջակցություն տրամադրելն է:

Այնուհետև խոսվեց սոցիալական ձեռնարկատիրության բիզնես մոդելների, գործունեության բնորոշումների, Հայաստանում դրանց բաշխվածության, նման գործունեությամբ զբաղվող անձանց, միջազգային փորձի տեղայնացման հնարավորությունների մասին: Առանձին քննարկում ծավալվեց «սոցիալական արդարություն» և «սոցիալական հավասարություն» գաղափարների վերաբերյալ: Լսարանին ուղղված հարցը հետևյալն էր՝ ի՞նչ մոտեցում պետք է կիրառի պետությունը: Ի պատասխան՝ կարծիքներ հայտնեցին թե' դասախոսները, թե' ուսանողները:

Սոցիալական ձեռնարկությունները անդրադառնում են խոցելի խմբերին կամ այն անձանց (հաշմանդամներ, երեխաներ և այլն) խնդիրներին, որոնց համար հիմնական լուծումները կիրառելի չեն. սա թեման ամփոփող միտքն էր:

Հարցուպատասխանի ընթացքում ևս Անի Ջաբաղյանը լուսաբանեց սոցիալական ձեռնարկատիրությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին