«Ֆրանկոֆոնիայի օրեր-2024»-ի միջոցառում՝ ՀՊՏՀ ֆրանսախոս ուսանողների մասնակցությամբ

22.03.2024
Դիտումների քանակ՝ 432

Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրեր-2024»-ի շրջանակում ՀՊՏՀ լեզուների ամբիոնի ֆրանսերենի դասախոս Իզաբելլա Աբգարյանի նախաձեռնությամբ և ՀՊՏՀ ֆրանսախոս ուսանողների մասնակցությամբ այսօր կայացավ միջոցառում։ Ուսանողները, համատեղելով մասնագիտական գիտելիքն ու ֆրանսերենի իմացությունը, ներկայացրին հետաքրքիր փաստեր հայտնի ֆրանկոֆոն տնտեսագետների, գործարարների կյանքի և արձանագրած հաջողությունների մասին։

«Լուիզ Մուշիկիվաբո, Անրի Մինցբերգ, Էսթեր Դյուֆլո, Բեռնար Առնո, Ֆրանսիս Քյուրքչյան, Կոկո Շանել, Ժան Բատիստ Սեյ, Բաբա Ահմադու Դապուլո, Ֆրանսուա Քենե, Իսահակ Կառասո ... Ի՞նչ ընդհանրություն կա այս աշխարհահռչակ մարդկանց միջև։ Իհարկե, նրանք ֆրանկոֆոն են»,- ահա այս ձևակերպմամբ մեկնարկեց միջոցառումը։

Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ ամեն տարի մեր բուհի ֆրանկոֆոն ուսանողները պատրաստվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշելուն և ամեն անգամ` նորովի․ «Այսպիսի մարդկանց օրինակը միշտ ոգեշնչող է երիտասարդների համար։ Չէ՞ որ յուրաքանչյուր ուսանող ինքն է ընտրել, թե ում է ցանկանում ներկայացնել իր ընկերներին»։

«Նշենք նաև, որ ամեն տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշելու համար նույն դահլիճում հավաքվում են ոչ միայն տվյալ ժամանակահատվածում ֆրանսերեն սովորողները, այլ նաև մյուս ֆրանկոֆոն ուսանողներն ու լեզվին տիրապետող դասախոսները, ինչը լավ առիթ է ֆրանսերենով մտքեր փոխանակելու, շփվելու»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը։

Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։