Աշխատանքային հերթական քննարկումը՝ HERITAG ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 1735

Եվրոպական Միության «Էրազմուս+»-ի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ՝ զբոսաշրջության կառավարման և կիրառական երկրատեղեկատվական համակարգերի մասնագիտական ոլորտների կրթական ծրագրերում» (“HERITAG”, №561555-EPP-1-2015-1-ES-EPPKA2-CBHE-JP) ծրագրի գործընկեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Երկրատեղեկատվական համակարգերի լաբորատորիայում, որը բացվել է HERITAG ծրագրի շրջանակներում, այսօր տեղի ունեցավ ծրագրի աշխատանքային հերթական հանդիպումը՝ նվիրված ծրագրի ընթացիկ արդյունքների և հետագա գործողությունների քննարկմանը:

Հանդիպմանը ներկա էին ծրագրի գործընկերներ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման կենտրոի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը, Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Մինասյանը, Գիտակրթական բարեփոխումների հիմնադրամի նախագծի ղեկավար Մաշտոց Ավետիսյանը, «ՌՈՒՄԷԱ» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

Հարկ է նշել, որ HERITAG ծրագրի շրջանակներում մշակվել է՝ «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագիր (զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում): Միջառարկայական ուղղվածությամբ համատեղ կրթական ծրագրով նախատեսված է մեկական տարով ուսուցումը կազմակերպել հայաստանյան համալսարաններում (ՀՊՏՀ, ՀՊՃՇՀ) և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում՝ Բոլոնիայի Ռիմինիի մասնաճյուղում փորձառության անցնելու հնարավորությամբ: Համատեղ կրթական ծրագիրն իրականացվում է 2017-2018 ուսումնական տարվանից, իսկ այժմ ՎՊՀ-ում ուսումնառում է 11 ուսանող:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին