ՀՊՏՀ խորհրդի նախագահ. Տնտեսագիտական համալսարանի դռներից պետք է դուրս գան որակյալ և մրցունակ մասնագետներ

Դիտումների քանակ՝ 1864

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորակազմ խորհուրդը տարեսկզբից արդեն հրավիրել է երկու նիստ, հաստատել է 2018թ. հաշվետվությունները, ինչպես նաև բուհի նոր կառուցվածքը: Խորհրդի նախագահ, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ուսանողական խորհրդի հետ, առաջիկայում նախատեսում է հանդիպել ՀՊՏՀ ևս մի քանի ստորաբաժանումների հետ: Ստորև ներկայացնում ենք մեր զրույցը Վահան Մովսիսյանի հետ:

-Հարգելի պարոն Մովսիսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը թևակոխել է զարգացման նոր փուլ, որո՞նք են Ձեր կարծիքով առաջնահերթ և հիմնական անելիքները:

-Մեր համալսարանի գլխավոր նպատակը Հայաստանի համար որակյալ մասնագետներ պատրաստելն է, իսկ սա նշանակում է, որ մենք շատ անելիք ունենք: Այսօր առկա են բազում խնդիրներ, որոնցից մի քանիսը նշեմ որպես առաջնահերթություն: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել կրթության որակին, դասավանդման գործընթացին, պրոֆեսորադասախոսական անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակին: Պետք է պրոֆեսորադասախոսական կազմին վերապատրաստվելու, նոր ժամանակի պահանջներին համապատասխան իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու հնարավորություն տալ, միաժամանակ մտածել նրանց մոտիվացնելու նոր եղանակներ գտնելու մասին: Հարկավոր է քննարկել նաև ուսումնական գործընթացում հեղինակություն և փորձ ունեցող մասնագետների ներգրավման հարցը: Առաջնահերթ անելիքների շարքում է դիմորդների հետ աշխատանքը. մենք պետք է այցելենք ավագ դպրոցներ, ներկայացնենք մեր ծրագրերը, համալսարանի բոլոր հրապուրիչ կողմերը, ներգրավենք ուսանողներ:

Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ մենք իրավունք չունենք միանգամից և կտրուկ փոխել խաղի կանոնները, բայց ընդհանրապես ոչինչ չփոխել, կնշանակի ներկա միտումը շարունակել: Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր նոր ընդունվող սերնդի համար նոր պահանջներ և չափանիշներ սահմանել: Մյուս կողմից, որոշ խնդիրների դեպքում պետք է կտրուկ լինել: Սա հատկապես վերաբերում է արտագրությունների, գրագողությունների պրակտիկային, որն անթույլատրելի է և, այո, այս իրավիճակի դեմ պետք է անզիջում պայքարել:

- Ներկա փուլում ի՞նչ խնդիրներ են դրված բուհերի խորհուրդների առաջ, ի՞նչ ծրագրեր ունի մեր խորհուրդը և ինչպիսի՞ն է ներգրավվածությունը բուհի կառավարմանը:

-Գիտեք, շատ լավ հարց եք տալիս, որովհետև միայն համալսարանի կանոնադրությունը դեռևս պատկերացում չի տալիս խորհրդի գործունեության մասին, քանի որ այնտեղ արտացոլվածը վերաբերում է զուտ խորհրդի լիազորություններին: Սակայն իրականում, ի ուրախություն մեզ, կառավարման խորհրդում հավաքվել են մարդիկ, որոնք լինելով տարբեր ոլորտներից, իսկապես ցանկանում են ամեն կերպ նպաստել բուհի զարգացմանը և հանդես են գալիս առաջարկներով, գաղափարներով: Ես խորհրդի անդամներից նամակներ և առաջարկություններ եմ ստանում, ինչը շատ ուրախալի է: Խորհուրդը, լինելով ամենաբարձր կառավարման մարմինը, կարող է զբաղվել համալսարանին վերաբերող ցանկացած խնդրով: Այլ բան է, որ չի կարող գործադիր ֆունկցիաներով զբաղվել, բայց կարող է հանդես գալ առաջարկներով, հանձնարարականներով, հետևել ընթացքին, վերլուծել արդյունքներն ու համապատասխան քայլերի դիմել, և սա շատ մեծ գործիք է:

Խորհրդի աշխատանքների ներկա փուլի մասին կարող եմ ասել, որ, ըստ էության, գլխավորը կառուցվածքային փոփոխությունն էր, որը վարչական աշխատակազմի մասով արդեն արված է: Հավանաբար նույն գործընթացը պետք է արվի նաև ֆակուլտետների և մասնագիտությունների գծով, ինչը, իհարկե, ավելի լավ են հասկանում համալսարանի ռեկտորատն ու գիտխորհուրդը, և այստեղ ևս խորհուրդը պետք է աջակից լինի: Շատ եմ կարևորում եղած մասնագիտությունների զարգացումը, նաև նորերի ստեղծումը, որոնք ավելի միտված կլինեն աշխատաշուկային, համալսարան կուղղորդեն մեծաթիվ դիմորդների, կբարձրացնեն բուհի հեղինակությունը:

Այս պահին խորհրդում կան քննարկվող գաղափարներ: Հարցը, որը շատ կարևոր է և վերջերս էլ քննարկվեց նախարարի հետ հանդիպմանը, դա բուհերի կազմակերպաիրավական ձևին է վերաբերում: Կարծում եմ, մեր համալսարանի դեպքում այս հարցն առաջիկայում կլուծվի՝ իհարկե պետական լիազոր մարմնի աջակցությամբ:

Ես մի կարևոր հանգամանք եմ ցանկանում ընդգծել. բոլոր խնդիրները պետք է լուծենք այն կարևոր պատկերացումով, որ միշտ հաջորդ տարին պետք է ավելի լավը լինի, քան նախորդը, և եթե կարողանանք սա ապահովել, լավ կլինի: Չեմ ցանկանում, որ մենք լինենք այն հերթական խորհուրդներից մեկը, որը եկավ ու անցավ: Ցանկանում եմ, որ մենք այնպիսի խորհուրդ լինենք, որի գործունեության օրոք ՀՊՏՀ կյանքում իրական ու շոշափելի փոփոխություն լինի, իսկ եթե չլինի էլ, գոնե ստեղծվեն նախապայմաններ, որ հաջորդները կարողանան այդ փոփոխություններն իրականացնել:

-Մեր համալսարանում, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, արդեն մի շարք քայլեր են կատարվել, որոնք հանրային դրական արձագանք են ստացել: Խոսքը մասնավորապես միջնորդությունների բացառման, թելադրությունների մեթոդով անցկացվող դասախոսությունների վերացման, շրջանավարտների ցանց ստեղծելու, կարճաժամկետ դասընթացներ ներդնելու, ժամավճարային կարգով դասավանդման վարձատրության բարձրացման մասին է: Ինչպե՞ս եք գնահատում կատարված աշխատանքները:

-Իհարկե, պարոն Հայրապետյանի գործունեության արձագանքներին տեղյակ եմ, և մենք հաճախ ենք քննարկումներ ունենում համալսարանի զարգացման տարբեր ուղղությունների վերաբերյալ: Ողջունում եմ կատարված աշխատանքը, հատկապես ցանկանում եմ ընդգծել շրջանավարտների ցանցի ստեղծման կարևորությունը: Այն մեծ ներուժ է, որը մեծ օժանդակություն կարող է բերել բուհի՝ դասախոսական կազմի ձևավորման, համալսարանի հեղինակության բարձրացման, նոր ուսանողների ներգրավման իմաստով, և այդ ռեսուրսը պետք է ճիշտ օգտագործել:

- Պարոն Մովսիսյան, խորհրդի վերջին նիստի ժամանակ Ուսանողական խորհրդի հետ հանդիպելու ցանկություն էիք հայտնել և այն կայացավ: Ո՞րն էր հանդիպման նպատակը և ի՞նչ քննարկում ունեցաք: Առհասարակ համալսարանի ուսանողների հետ համագործակցության ինչպիսի՞ առաջարկներ ունեք:

-Այո, ինձ համար շատ կարևոր է ուսանողների հետ շփումը, աշխատանքը: Այդ հանդիպման նպատակը նրանց ճանաչելն էր, ուսանողական խորհրդի գործունեությանը, նրանց խնդիրներին ծանոթանալը, որպեսզի հետագայում համալսարանի քաղաքականությունը մշակելիս այդ խնդիրներին էլ անդրադառնանք: Ինձ դուր եկավ, որ իրենք պարզ են, բաց, չէին վախենում բարձրաձայնել իրենց կարծիքը, որոշակի բողոքներ ունեին ուսումնական գործընթացից: Ընդունելով հանդերձ որ մեր գլխավոր խնդիրը որակյալ կրթություն տրամադրելն է, այնուամենայնիվ մենք խնդիր ունենք նաև ձևավորելու ՀՀ երիտասարդ քաղաքացուն՝ առանց դիպչելու նրանց անհատականությանը, այլ արտահայտվելու, դրսևորվելու, արժեքներ ընկալելու և վերլուծելու պայմաններ ստեղծելով: Այս իմաստով ՈՒԽ-ն կարևորագույն նշանակություն ունի, ուստի պետք է կարողանա հնարավորինս լավ կազմակերպել այս գործնթացը և ավելի շատ ուսանողներ ներգրավել իր շարքերը:

Ուսանողների հետ մեր հետագա հանդիպումներն ու շփումները կլինեն շարունակական:

-Համալսարանի մյուս ստորաբաժանումների և աշխատակիցների հետ հանդիպելու այլ նախաձեռնություններ ունե՞ք:

- Այո, նման հանդիպումներ նախատեսել եմ, սակայն այս պահին հստակ ժամկետներ չկան: Հուսով եմ, առաջիկայում կլինեն նման հնարավորություններ:

-Ի՞նչ ուղերձներ և ասելիք ունեք՝ ուղղված ՀՊՏՀ աշխատակազմին և ուսանողներին:

-Իմ հիմնական ուղերձը բոլորիս հետևյալն է՝ պետք է հիշենք, որ մեր համալսարանի գլխավոր և կարևոր նպատակը որակյալ կրթություն ապահովելն է: Մնացած բոլոր գաղափարները սրանից ածանցյալ են, և մեր բոլորի ջանքերը պետք է միտված լինեն նրան, որ Տնտեսագիտական համալսարանի դռներից դուրս գան որակյալ և մրցունակ մասնագետներ:

Շնորհակալություն հարցազրույցի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին