ID բանկը ցանկանում է երիտասարդների շրջանում ամրապնդել քարտային մշակույթը. այց բուհեր

Դիտումների քանակ՝ 2076

ID բանկը իր հայտարարած ֆինանսական գրագիտության մեկամսյակի շրջանակում հայաստանյան տարբեր բուհերում իրականացնում է տեղեկատվական սեմինարներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների ֆինանսական, ինչպես նաև քարտերից օգտվելու իմացությունը։ Այսօր մեր բուհում էին բանկի ռեգիոնալ կառավարիչ Դավիթ Լազարյանը, Բաղրամյան մասնաճյուղի կառավարիչ Արկադի Թադևոսյանը և վաճառքների կառավարիչ Ջուլիետա Մարտիրոսյանը: Տնտեսագիտություն մասնագիտության 4-րդ կուրսում, դասերի ավարտից հետո, նրանք «Վճարային քարտեր և դրանց կիրառելիությունը» թեմայով հանդիպում վարեցին, որին ներկա էին ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Նազարյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Դավիթ Լազարյանը խոսեց վճարային քարտերի տեսակների, դրանց տարբերությունների և առավելությունների, անկանխիկ վճարումներ կատարելու առավելությունների և ռիսկերի մասին։ Հանդիպման երկրորդ հատվածում Դավիթ Լազարյանը տեղեկացրեց ID բանկի քարտատեսակների և դրանց առաջարկած գրավիչ ակցիաների, հատկապես պրեմիում դասի քարտերի ընձեռած հնարավորությունների, բանկի կողմից տրամադրվող ուսանողական վարկերի մասին։ Թեմայի շուրջ պարզաբանումներ կատարեցին նաև Արկադի Թադևոսյանը և Ջուլիետա Մարտիրոսյանը:

Վերջում բանկի ներկայացուցիչները ուսանողներին ID բանկի վիզա կլասիկ քարտեր նվիրելու նպատակով հավաքագրեցին ուսանողների տվյալները:

Մեզ հետ զրույցում Դավիթ Լազարյանը կարծիք հայտնեց, որ բուհերում նմանատիպ միջոցառումների կազմակերպումը երիտասարդության շրջանում կամրապնդի քարտային մշակույթը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին