ՀՊՏՀ-ում քննարկվեց 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը

Դիտումների քանակ՝ 2255

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր մեկ ժամից ավելի ակտիվ քննարկում էր Հայաստանի Հանրապետության ֆինանսական փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

Ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի առաջարկով ֆինանսների ամբիոնի կազմակերպված քննարկումը մեկնարկն էր այն նախաձեռնության, որի շրջանակում այսուհետ ՀՊՏՀ-ում կքննարկվեն երկրի տնտեսությանն առնչվող հրատապ ու կարևորագույն հարցերը:

Մասնակցում էին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի 3-4-րդ կուրսերի ուսանողները, քոլեջի դասախոսներ Աննա Ավետիսյանն ու Ծաղիկ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Դիանա Գալոյանն ու Աշոտ Սալնազարյանը:

Համալսարանի ղեկավարի խոսքով՝ երկրի Տնտեսագիտական մայր բուհը տնտեսագիտական կարևոր թեմաների վերաբերյալ պետք է հանդես գա կարծիքով, ներկայացնի իր մոտեցումները և մասնագիտական գնահատականը: Դիանա Գալոյանի խոսքով, այդ իմաստով, հրավիրված քննարկումը տեղին է: Աշոտ Սալնազարյանը ողջունեց ներկաներին և հարցի ներկայացման համար խոսքը փոխանցեց ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արմինե Ներսիսյանին: Վերջինս ունկնդիրների ուշադրությանը ներկայացրեց 2020թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը, կանգ առավ առանցքային ուղղությունների վրա՝ եկամուտներ, ծախսեր, դեֆիցիտ, ՀՆԱ և այլ: Նախորդ տարիների մակրոտնտեսական ցուցանիշների համեմատությամբ զեկուցողը ցույց տվեց այս տարվա բյուջեի նախագծի առավելությունները: Զեկուցման ավարտից հետո ակտիվ հարցադրումներ հնչեցին և ծավալվեց բանավեճ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանն ասաց, որ 2020թ. բյուջեն 2 հիմնական առանձնահատկություն ունի. առաջին՝ այն նախատեսում է ծախսերի զգալի աճ, միաժամանակ, եկամուտների աճ է արձանագրվում (վերջին 3 տարիների ընթացքում), աճում է նաև դեֆիցիտը՝ 182,6 մլրդ դրամ: Եվ երկրորդ՝ նախատեսվում է դեֆիցիտի ծածկումն իրականացնել ներքին ռեսուրսների հաշվին, այսինքն, պրոֆեսորի խոսքով, արտաքին պարտքի չենք դիմի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին