Առցանց կրթության գործընթացում ուսանողն ավելի անկաշկանդ է, որովհետև տանն է. Վահե Միքայելյան

Դիտումների քանակ՝ 3382

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում ևս առցանց կրթությունը պատշաճ կազմակերպվում է: Այս մասին մեզ հետ հարցազրույցում հավաստիացնում է ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Վահե Միքայելյանը:

-Պարոն Միքայելյան, Դուք նույնպես այս ընթացքում դարձաք առցանց կրթության մասնիկը, ավելին, դրա կազմակերպողներից մեկն եք. ինչպե՞ս է իրականացվում հեռավար կրթությունը Ձեր ֆակուլտետում:

-Արտակարգ դրության հայտարարումից ի վեր, մենք, արագ ինքնակազմակերպվելով, կրթությունը տեղափոխեցինք առցանց հարթակ և կարճ ժամանակում միասնաբար իրականացրեցինք նախատեսված բոլոր դասերը` զերծ մնալով դասաձախողումներից: Փորձը ցույց տվեց, որ ուսուցման համար հաղորդակցվելու ամենաարդյունավետ առցանց հարթակը ZOOM–ն է, որը կարող է մի քանի տասնյակ մարդկանց միաժամանակ համատեղել:

-Ինչպե՞ս կներկայացնեք գործընթացում ուսանողության ակտիվությունը` թվերի տեսքով:

-Առցանց դասերին մեր ֆակուլտետի ուսանողների մասնակցությունն ավելի մեծ էր սկզբնական շրջանում` 90-95 %, հետո նկատվեց որոշակի նվազում, մասնակցությունը դարձավ 85 %: Սա պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով. քննություններին պատրաստվելու հետ կապված ծանրաբեռնվածություն, նոր երևույթի հանդեպ հետաքրքրության աստիճանական նվազում (սուբյեկտիվ):

-Ուսանողները անկաշկա՞նդ են որևէ հարցով դասախոսներին կամ դեկանատի աշխատակիցներին դիմելիս:

-Այո, և կարելի է ասել` ավելի անկաշկանդ, քան կենդանի հաղորդակցման ընթացքում: Առցանց կրթության պարագայում մեզ համար չկա ժամ ու պատարագ, կապի բոլոր միջոցները կիրառում ենք` հեռախոս, սոցիալական ցանցեր: Թե′ ես, թե’ փոխդեկան տիկին Հարությունյանը և թե′ դասախոսներն ու դեկանատի աշխատակիցները հորդորում ենք ուսանողներին ցանկացած հարցի դեպքում զանգել, գրել, տեղեկացնել: Մեր ուսանողը գիտի, որ միշտ պատրաստ ենք պատասխանել իրեն` թե′ տանը, թե′ համալսարանում: Գիտեք` այս օրերին մի շարք զանգեր եմ ստանում նաև ուսանողների ծնողներից, որոնք շնորհակալություն են հայտնում իրենց երեխաների կրթության հարցում մեր ցուցաբերած սրտացավության, համբերատարության համար, ինչպես նաև` կեսկատակ- կեսլուրջ նշում են, որ լսելով մեր առցանց դասախոսությունները`  իրենք էլ են սովորում, մասնակից են դառնում իրենց երեխաների կրթությանը: Իհարկե, կրթության կազմակերպումը մեր գործն է, բայց ստեղծված պայմաններում մենք կրկնակի ջանքեր ենք գործադրում, պատրաստ ենք ցանկացած ժամի պատասխանել հեռախոսին կամ նամակներին, և հաճելի ու ոգևորիչ է, երբ դա գնահատում են նաև ուսանողների ծնողները:

-Հավանաբար, փորձառության հաշվետվությունների պաշտպանություններին հետևում եք, ի՞նչ կասեք դրանց ընթացքի մասին, կա՞ն խնդիրներ:

-Անշուշտ, հետևում եմ և′ պաշտպանություններին, և′ դասերին, և′ ուսումնական քննարկումներին: Առցանց կրթությունն էլ իր դրական կողմերն ունի: Փորձը ցույց է տալիս, որ պաշտպանությունների ընթացքում շատերը ամբիոնի մոտ, դեմ առ դեմ շփումից հուզվում են, կաշկանդվում, ինչը խանգարում է իմացածը ներկայացնելուն: Իսկ առցանց պաշտպանության ժամանակ ուսանողն ավելի անկաշկանդ է, որովհետև տանն է: Դա հոգեբանական գործոն է, որն այս պարագայում հօգուտ ուսանողի է: Խնդիրներ, որպես այդպիսին, գրեթե չկան: Դասախոսն իր ուսանողին ճանաչում է և առցանց տեսակապի միջոցով էլ է հասկանում` որքանով է նա տիրապետում տվյալ թեմային: Ուսումնական նյութերը տրամադրվում են, թեմաները քննարկվում են դասախոսների հետ:

-Առցանց կրթության վերաբերյալ, ի՞նչ դիտարկումներ ունեք: Ուսանողներին ի՞նչ ուղերձ կհղեք:

-Որքան էլ փորձում ենք հարմարվել հեռավար կրթությանը, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ ոչինչ չի կարող փոխարինել համալսարանի պատերի ներքո իրականացվող կրթությանը: Բուհը կենդանի միջավայր է. դասի շտապող ուսանողները, հնչող զանգը, ուսանողի հետ դասը քննարկող դասախոսը, լեփ-լեցուն լսարանները, որտեղ տեսնում ենք ուսանողների վառվռուն աչքերը, դեկանատի ելումուտը… այս էմոցիոնալ ու տրամադրող միջավայրը աշխատելու, սովորելու, լրացուցիչ մոտիվացիա է հաղորդում: Իսկ տանը` կենցաղային միջավայրում, չեն բացառվում շեղող հանգամանքները: Գալիս ենք այն եզրահանգման, որ հեռավար կրթությունը ուսումնական գործընթացը չընդհատելու ընտրանք է, որն այս պարագայում լավագույնն է: Բայց համեմատելիս, իհարկե, բոլորս կնախընտրենք համալսարանը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դասախոսներին, աշխատակիցներին, ովքեր անտրտունջ ու պատասխանատվությամբ հարմարվում են իրավիճակին, ցուցաբերում ճկուն ու գրագետ մոտեցում, աջակցում կրթության անխափան երթին: Իսկ ուսանողներին հորդորում եմ աչալուրջ լինել, ակտիվ մասնակցել բոլոր դասերին, կատարել դասախոսների առաջադրանքները: Մենք միշտ էլ միասնաբար ենք հաղթահարել բոլոր փորձությունները և սա էլ բացառություն չէ:

Շնորհակալ ենք զրույցի համար: Հ.Գ. Մեր նախորդ հարցազրույցները կառավարմանհաշվապահական հաշվառման և աուդիտի,  ինֆորմատիկայի և վիճակագրությանՏԿ և ՄՏՀ  ֆակուլտետների դեկանների հետ կարող եք կարդալ ակտիվ հղումներով:

Առաջիկայում կներկայացնենք նաև  մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանի ժ/պ Նարեկ Կեսոյանի հետ մեր զրույցը` ամբողջացնելով ֆակուլտետների դեկանների հետ հարցազրույցների շարքը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին