Կարճ ժամանակահատվածում հաջողվել է փոխել կրթության մատուցման ձևաչափը և ներդնել նոր համակարգ. Սոս Խաչիկյան

Դիտումների քանակ՝ 2484

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Սոս Խաչիկյանը asue.am-ի հետ հարցազրույցում ներկայացնում է ֆակուլտետում իրականացվող հեռավար կրթության գործընթացը:

-Պարոն Խաչիկյան, ավելի քան 1 ամիս է` անցում ենք կատարել հեռավար կրթության: Ի՞նչ պատկեր է Ձեր ֆակուլտետում:

-Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում առցանց կրթության կազմակերպումն իրականացվում է այս պայմաններում գործող չափանիշներին համապատասխան: Ուսանողների ակտիվությունը բավականին բարձր է, սկզբնական շրջանում առկա փոքր թերություններն արդեն վերացվել են և այդ շրջանի բացթողումները լրացված են: Բոլոր դասավանդողները, ինչպես նաև առցանց կրթության կազմակերպման հետ կապված անձնակազմի անդամներն իրավիճակին վերաբերվում են մեծ պատասխանատվությամբ և ըմբռնումով: Մեր ֆակուլտետի կրթական ծրագրերի առանձնահատկություններից է այն, որ բոլոր 3 ամբիոններում էլ գերակշռում են տեխնոլոգիական, մաթեմատիկական ու հետազոտական գործոններով հագեցած դասընթացները, որոնց մատուցումն այս եղանակով երբեմն նույնիսկ ավելի նպատակահարմար է: Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ շնորհիվ բուհի ղեկավարության, ստորաբաժանումների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համակարգված աշխատանքի, հաջողվել է կարճ ժամանակահատվածում փոխել ուսանող-դասախոս փոխհարաբերությունների բնույթը և կրթության մատուցման ձևաչափը, ներդնել աշխատանքների կազմակերպման նոր համակարգ:

- Ինչպիսի՞ն է ուսանողների ներգրավվածությունը առցանց ուսուցման գործընթացին, ոգևորություն կամ, գուցե, հակառակը նկատո՞ւմ եք:

-Ուսանողների ոգևորության կամ մտահոգության (բայց ոչ հիասթափության, դա չեմ նկատել) գործոնները բավականին բազմաշերտ են: Կան բարձր առաջադիմությամբ և ավարտական կուրսերում սովորող ուսանողներ, ովքեր կիսվում են անորոշության զգացումով և օբյեկտիվ մտահոգությամբ՝ ավարտական աշխատանքների պաշտպանության և կյանքի հաջորդ շրջափուլ անցնելու հետ կապված: Այս ուսանողների մոտ, բնականաբար, ոգևորությունը մեծ չէ: Սրան զուգահեռ, մեծ թիվ են կազմում այն ուսանողները, ովքեր աշխատանքային, անձնական կամ սոցիալական խնդիրներից ելնելով նախընտրում են առցանց կրթության այս ձևաչափը, որն առօրյան դարձնում է ճկուն, ժամանակի կորուստը՝ ավելի քիչ: Ուսանողների կողմից ոգևորությունը նաև պայմանավորված է իրավիճակի սթափ գնահատմամբ, քանի որ նոր ներդրվող համակարգը, խնդիրներով հանդերձ, մի կողմից պարտադրված է, մյուս կողմից` առաջարկում է հեռանկարային լուծումներ:

-Ինչպե՞ս եք գնահատում առցանց կրթության արդյունավետությունը:

-Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում առիթներ ունեցել եմ ուսումնասիրելու առցանց կրթության բազմաթիվ հարթակներ: Մինչև արդյունավետությանն անցնելը նշեմ, որ այդպիսի հարթակների լիարժեք գործարկումը բավականին աշխատատար է և ժամանակ է պահանջում: Բացի դրանից, ուսումնական գործընթացներում պահանջվում է նաև ուսանողների մասնակցության ավելի մեծ ծանրաբեռնվածություն և անհատական աշխատանք: Այս բոլոր գործոնների ապահովման դեպքում, իհարկե, արդյունավետ է: Եթե անդրադառնանք մեր բուհի կողմից մատուցվող առցանց կրթական գործընթացներին, ապա, հաշվի առնելով բավականին կարճ ժամանակահատվածում կատարված մեծածավալ աշխատանքը, միանշանակ կարելի է պնդել, որ իրականացվել է առավելագույնը՝ կրթության արդյունավետություն ապահովելու համատեքստում: Ավելին, թվայնացման հետ կապված որոշ գործընթացներ, որոնք հետաձգվել էին ավելի նպաստավոր ժամանակներում իրականացնելու նպատակով, սկսել է ներդրվել արտակարգ իրավիճակի և սահմանափակումների այս պայմաններում:

-Առցանց կրթությունը լսարանային կրթության հետ համեմատելիս ի՞ նչ կնշեք:

- Լսարանային կրթությունն ունի իր առավելությունները` ուսանող-դասախոս ուղիղ շփման առումով: Բացի դրանից, լսարանը, բնականաբար նաև բուհը, ունի մեծ նշանակություն` ուսանողին կրթական միջավայրի որոշակի շրջանակներում զարգացնելու, հետևաբար, որպես քաղաքացի ձևավորելու տեսանկյունից: Սակայն պետք է ընդունել նաև, որ արագ փոփոխությունների, մրցակցության և ազատությունների այսօրվա պայմաններում լսարանային կրթության բազմաթիվ բաղադրիչներ կարիք ունեն վերանայման: Այս իրավիճակը հիանալի առիթ է, որպեսզի կատարենք բազմակողմ վերլուծություն և եզրահանգումներ՝ կապված առցանց ու լսարանային կրթության արդյունավետության համադրման, տարբեր գործոնների զուգակցման և հետագա ռազմավարության մշակման համատեքստում:

-Ի՞նչ ուղերձ կհղեք Ձեր ուսանողներին այս իրավիճակի հետ կապված:

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ուսանողներին, ովքեր իսկապես նոր իրավիճակին արագ հարմարվելու, խնդիրները խորությամբ հասկանալու և լուծումներին անմիջական մասնակցություն ունենալու կամք դրսևորեցին: Շնորհակալություն նաև նրանց ծնողներին՝ համալսարանի նախաձեռնությունների հանդեպ շրջահայացություն ցուցաբերելու և խնդիրների լուծումը բուհի անձնակազմին վստահելու համար: Իսկ ուսանողներին ուղղված իմ ուղերձը հետևյալն է` ցուցաբերե’ք մեծ զսպվածություն և առավելագույն պատասխանատվություն` ձեր շահերի իրացման և բուհի կողմից խնդիրների հաղթահարման համատեքստում: Վստահ եղեք, որ բուհի հնարավորությունները մեծ են ձեր մասնագիտական կայացման գործում, սակայն դա անհնար է առանց ձեր հետևողական մասնակցության:

Շնորհակալություն հարցազրուցի համար:

Հավելենք, որ մեր նախորդ հարցազրույցները կառավարման, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների դեկանների հետ կարող եք կարդալ ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին