Տեղեկատվական հանդիպում «Միներվա» ծրագրի շրջանակում

12.01.2022
Դիտումների քանակ՝ 1010

Հունվարի 11-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում ՀՊՏՀ երիտասարդ հետազոտողների հետ։

Հանդիպումը վարում էր ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնի պետ Եվգենյա Բազինյանը։ Հանդիպման նպատակն էր երիտասարդ հետազոտողների մասնագիտական կարողությունների զարգացման և մասնագիտական աճին ուղղված առաջնահերթ ռազմավարական քայլերի ներկայացումը, այդ թվում՝ այս ուղղությամբ համալսարանի կողմից իրականացվող գործողությունները։ Բազինյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն կարևորում է հետազոտության ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը և ցանկանում է նշանակալի փոփոխությունների միջոցով աջակցել համալսարանում հետազոտական մշակույթի ստեղծմանը և հետազոտողների կարողությունների զարգացմանը՝ խրախուսող և թափանցիկ միջավայր ստեղծելով նրանց մասնագիտական աճի համար։

Եվգենյա Բազինյանն անդրադարձավ Եվրոպական հանձնաժողովի կողմից ՀՊՏՀ-ին շնորհված «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանին» (HR Excellence in Research award)՝ ներկայացնելով դրա նպատակը և ստեղծած հեռանկարները համալսարանի և հետազոտողների համար։ Նա ներկաներին ծանոթացրեց EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին և դրա ընձեռած հնարավորություններին՝ հույս հայտնելով, որ ապագայում ՀՊՏՀ հետազոտողներն ու ասպիրանտները ևս ակտիվորեն հանդես կգան այս հարթակում։

Հանդիպմանը ներկա հետազոտողները քննարկման ընթացքում ներկայացրին իրենց փորձը, ուսումնառության ընթացքում հետազոտության ոլորտում հանդիպած բացերն ու կարիքները՝ հետաքրքրվելով այս ուղղությամբ համալսարանի կողմից իրականացվող քայլերի մասին: Ի պատասխան Եվգենյա Բազինյանը նշեց, որ «Միներվա» ծրագրի շրջանակում «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճանին» դիմելու առանցքային գործողություններից է եղել գիտահետազոտական աշխատանքների համապատասխանության վերլուծությունը՝ ըստ «Հետազոտողների եվրոպական խարտիայի» և «Հետազոտողների հավաքագրման բնագավառում էթիկայի կանոնակարգի» սկզբունքների։ Արդյունքում մշակվել է գործողությունների պլան, որի իրականացումը կապահովի դուրս բերված բացթողումների/կարիքների շտկումը և համապատասխանեցումը վերոնշյալ երկու փաստաթղթերի սկզբունքներին և չափանիշներին։

Ասպիրանտուրայի բաժնի պետը շեշտեց, որ համալսարանում հետազոտությունների խրախուսման և աջակցության ընթացակարգերի թափանցիկության և արդյունավետության բարձր մակարդակի ապահովման համար ակնկալվում է երիտասարդ հետազոտողների ակտիվ ներգրավվածություն, ինչպես նաև համալսարանի և հետազոտողների միջև մշտապես հասանելի և թափանցիկ համագործակցություն ու հաղորդակցություն։