Նորաձևությամբ սկսել եմ հետաքրքրվել համալսարանական տարիներից. ՀՊՏՀ շրջանավարտը՝ նորաձևության մարքեթինգի մասին

Դիտումների քանակ՝ 1943

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շրջանավարտ, «Նիկոլյան» նորաձևության սրահի նորաձևության մարքեթինգի մենեջեր Աննա Ալավերդյանը (Աննա Սալոմե) այսօր հարազատ բուհում էր՝ ուսանողների համար իր մասնագիտական ոլորտին առնչվող հարցերը լուսաբանելու, նորն ու հետաքրքիրը հաղորդելու նպատակով: Լսարանում էին մարքեթինգի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վադիմ Գրիգորյանը, կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, հայաստանյան նորաձևության շուկայով, «Նորաձևության մարքեթինգ» ժամանակակից մասնագիտությամբ հետաքրքրվող համալսարանականներ:

ՀՊՏՀ տաղանդավոր սանը մի ուշագրավ վերլուծություն կատարեց՝ շեշտադրելով այն հարցերը, թե ինչպես է մարքեթինգը կապվում նորաձևության ոլորտին, ինչ սկզբունքների վրա է հենվում այս աշխատանքը, որքանով է դասական մարքեթինգի տրամաբանությունը կիրառելի այստեղ, որոնք են տեղական և միջազգային շուկայի առանձնահատկությունները, զարգացմանը խոչընդոտող խնդիրները, ինչպես է իրականացվում սպառողի՝ հիմնականում հայտնի մարդկանց հետ աշխատանքը:

Իր խոսքում Աննան նշեց, որ նորաձևությամբ սկսել է հետաքրքրվել դեռ համալսարանից, ավելին՝ մագիստրոսական թեզը նորաձևության մարքեթինգի վերաբերյալ է եղել, փորձառել է «Նիկոլյան» նորաձևության սրահում, աշխատելու առաջարկ ստացել և խորամուխ եղել նոր մասնագիտության մեջ: Ի դեպ, առաջիկայում նա վարելու է «Նորաձևության մարքեթինգ» թեմայով վարպետության դաս և այսօր 1 տոմս նվիրեց ամենահետաքրքիր հարցը հնչեցրած ուսանողին:

Հանդիպումը ոչ միայն ճանաչողական էր, այլև ոգեշնչող ու մոտիվացնող ՀՊՏՀ-ականների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին