Բարեփոխումները, հրատապ ու արդիական թեմաները, հուզականն ու գեղեցիկը, ուսանելին ու գովելին՝ «Տնտեսագետի» նոր համարում

Դիտումների քանակ՝ 1357

2019 թվականի տարեսկզբից բուհում մեկնարկած արմատական բարեփոխումներն իրենց արտացոլումն են ստացել հունվար-փետրվարյան համարում: Կարևոր միջոցառումների՝ ՀՊՏՀ ռեկտորատի, խորհրդի և գիտական խորհրդի ընթացիկ և ընդլայնված նիստերի լուսաբանումները հանրայնացնում են այն փոփոխություններն ու մարտահրավերները, որոնց բուհն ընդառաջ է գնում՝ նախանձախնդիր իր առաքելությանն ու բարի համբավի կերտմանը. ամրապնդվում են բուհ-գործատու կապերը, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կտրականապես մերժում է միջնորդությունների արատավոր երևույթը, դասախոսներին հորդորում է բացառել թելադրությունների մեթոդով դասախոսությունների անցկացումը, ուսանողների հետ քննարկում է կրթության կազմակերպման հիմնահարցեր: Ռեկտորի պաշտոնակատարի անմիջական վերահսկողությամբ համալսարանում ստեղծվում է շրջանավարտների ցանց, ՀՀ ԿԳ նախարարը մրցանակներ է հանձնում հանրապետության լավագույն ուսանողներին, այդ թվում՝ ՀՊՏՀ ուսանող Գագիկ Հակոբյանին:
Ավագ սերնդի համալսարանականները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշում բուհի առաջին ռեկտորին՝ Վլադիմիր Ներկարարյանին, որի 90-ամյակը նշվեց նախորդ տարեվերջին: «Անվանի տնտեսագետներ» խորագրում նրա գործունեությունն է արժևորում դոցենտ Սամվել Գրիգորյանը: Մի քանի էջ անց նույն հեղինակը «Տնտեսական խճանկարում» անդրադառնում է վերջին ամիսներին Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած տնտեսական իրադարձություններին:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով ներկայացնում ենք դոցենտ Զուխրա Երվանդյանի հոդվածը՝ «Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք…»:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակի առիթով Աստղիկ Նիկողոսյանը իր նամակն է հղում զինվորին:
«Տնտեսագետի» հյուրասենյակում են ՀՊՏՀ հինգ լավագույն ուսանողները. իրենց նպատակները նրանք ներկայացնում են հակիրճ, բայց խոսուն:
«Ես ժամանակի անտես վկան եմ…». այսպես է վերնագրված պրոֆեսոր Սուրեն Սարգսյան փիլիսոփային ու բանաստեղծին նվիրված էջը, նրա հիշատակին սրտի խոսք են ասում գործընկերները:
«Ակնարկ լույսի մասին». «Վարքուբարք» խորագրում հանդես է գալիս պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը:
Արհեստական բանականության և խելացի քաղաքների օրինակով ուսանողներ Սյուզաննա Օհանյանը և Վահրամ Ռևազյանը ներկայացնում են տնտեսության ժամանակակից կերպափոխումները և հնարավոր զարգացումները:
ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի օգնական, հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Հակոբյանը, այս համարից սկսած, մեզ հասու կդարձնի մասնաճյուղի անցուդարձին, ձեռքբերումներին, կներգրավի ստեղծագործող ուսանողներին, կներկայացնի շնորհալիներին:
Ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը «Երբ խոսում են թվերը…» խորագրում վերլուծում է երկրների համախառն ազգային երջանկության ցուցանիշները:
«Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփում է համալսարանի կարևոր իրադարձությունները, այնուհետև ներկայացված է ԵՄ «Էրազմուս+» ծրագրի ընթացքը:
«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչի ժ/պ, դոցենտ Սոֆյա Օհանյանի հերոսուհին Նեֆերտիտի թագուհին է՝ որպես Հին աշխարհից մեզ հասած գրավչության ու հմայքի հավերժական թեմա:
«Մշտադիտարկում»-ում ֆինանսական շուկաների հոկտեմբեր-հունվար զարգացումների շարժընթացն է:
«Տնտեսագետի» 2019 թ. հունվար-փետրվարյան համարի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ այսօրվանից. ուսանողները՝ դիմելով դեկանատներ, դասախոսները` ամբիոններ: Ամսագիրն արդեն առաքվել է ֆակուլտետներ, ամբիոններ, վարչական ստորաբաժանումներ: Կարող եք օգտվել նաև ընթերցասրահների օրինակներից:
Էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» խորագրի ներքո հետևյալ հղումով:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին