Միջազգային այցեր ՀՊՏՀ՝ «Էրազմուս+» ծրագրով
Հունիսի 13-ից հուլիսի 1-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ-ում հյուրընկալվել են եվրոպական գործընկեր՝ Գդանսկի, Վառնայի և Դեմոկրիտի համալսարանների պրոֆեսորադասախոսական և ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ:
Գդանսկի համալսարանի (Լեհաստան) դասախոսներ Մագդալենա Մոսիոնեկ-Սչվեդան և Աննա Գոլեևսկան մեր համալսարանում էին հունիսի 13-17-ը: Հյուրերը ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում մասնակցել են «Ժան Մոնե մոդուլի» շրջանակում «ԵՄ ներդրումային փաթեթը Հայաստանի համար» և «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» նախագծերի կլոր սեղան-քննարկումներին, իրենց ելույթներում կարևորել ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերություններում ՀՀ դերակատարումը։
Հաջորդող շաբաթվա ընթացքում՝ հունիսի 20-24-ը հյուր էին Վառնայի (Բուլղարիա) տնտեսագիտական համալսարանի միջազգային կապերի բաժնի ղեկավար Եվգենի Ռայչևը: Նա աշխատանքային հանդիպում է ունեցել միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանի հետ, մշակվել են համագործակցության ծրագրեր, իսկ բաժնի աշխատակից Սոնա Աղաբաբյանը ներկայացրել է Հայաստանի և ՀՊՏՀ-ի մասին շնորհանդես։ Եվգենի Ռայչևը հանդիպել է նաև ՀՊՏՀ ֆոնդահայթայթման բաժնի աշխատակիցներ Տաթև Եղյանի և Գոհար Գրիգորյանի հետ, քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։
Կառուցողական և համագործակցային էր նաև հունիսի 27-ից հուլիսի 1-ը Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի դասախոսներ Գոգաս Պերիկլիսի և Թեոֆիլոս Պապադիմիտրիուի (Հունաստան) այցը: ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դասախոսական կազմի համար հյուրերը դասախոսել են «Մեքենայական ուսուցում և համալիր ցանցեր» (Machine Learning and Complex Networks), «Բանկային վերահսկողություն. նոր մեթոդաբանություն։ Տնտեսական ցանցերի օպտիմալացում», «ԱՄՆ բանկային համակարգի ճկունությունության գնահատում» (Banking Supervision with the T-MDS: a new methodology for optimization of Economics Networks, Assessing the resilience of the U.S. Banking System) թեմաներով։
Գործընկեր համալսարանների ներկայացուցիչները աշխատանքային հանդիպումներ են ունեցել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրենի, միջազգային կապերի բաժնի ղեկավար Անժելիկա Մուսայելյանի հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ՝ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունությունն ակտիվացնելու, համատեղ ուսումնասիրություններ իրականացնելու, միջազգային նոր ծրագրեր մշակելու, բուհերի միջև գործընկերությունն ընդլայնելու վերաբերյալ։
Հյուրերին ներկայացվել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնը, ՀՊՏՀ գրադարանը, կազմակերպվել է շրջայց համալսարանի մասնաշենքերում։