«Ժան Մոնե»-ի EUCON նախագծի կլոր սեղանի առանցքում ՀՀ արտաքին քաղաքականության հարցերն էին

17.06.2022
Դիտումների քանակ՝ 1798

Հունիսի 15-ին ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում, «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)» նախագծի շրջանակում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի նպատակը փորձագետների և գիտնականների միջև կառուցողական բանավեճի միջոցով Հայաստանի արտաքին քաղաքականության ավելի խոր ու համակողմանի ըմբռնումն էր։ Կլոր սեղանին մասնակցում էին ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտական ինստիտուտների ղեկավար անձնակազմ, հետազոտողներ, պետական կառավարման մարմիններ, մասնագիտական խմբեր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ (ՀՊՏՀ, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոն, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակ, Կիրառական գիտությունների համալսարան BFI (Վիեննա), Պասսաուի համալսարան (Գերմանիա), Գդանսկի համալսարան (Լեհաստան), Ռուսաստանի Դաշնության դեսպանություն Հայաստանում):

Կլոր սեղան-քննարկումը բաղկացած էր 2 նիստից՝ «Հայաստանը որպես կամո՞ւրջ ԵՄ-ԵԱՏՄ-ի միջև» և «Կրթության դիվանագիտությունը և գիտության դիվանագիտությունը՝ որպես կոմպլիմենտար արտաքին քաղաքականության գործիք» խորագրերով: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր, նախագծի ակադեմիական համակարգող Հաննես Մեյսները և ՀՊՏՀ ՄՏՀ ամբիոնի դասախոս, տ.գ.թ., «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, ծրագրի ակադեմիական համակարգող Ալբերտ Հայրապետյանը:

Կլոր սեղան-քննարկման առաջին նիստին Դիանա Գալոյանը ներկայացրել է նախագիծը, ընդգծել թեմայի կարևորությունը և Հայաստանի Հանրապետության դերն ու նշանակությունը ԵՄ- ԵԱՏՄ փոխհարաբերություններում:

Լանա Կառլովան ողջունել է քննարկման մասնակիցներին՝ շեշտելով «Ժան Մոնե» ծրագրերի կարևորությունը:

Հաննես Մեյսների, Պասսաուի համալսարանի պրոֆեսոր Ջուլիան Պլոտկայի, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի փոխտնօրեն Համլետ Մկրտչյանի և Ալբերտ Հայրապետյանի հետ քննարկվել են աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների տնտեսական և քաղաքական հետևանքները: Միջոցառման երկրորդ հատվածում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն առանձնացրել է դիվանագիտության գործիքի նշանակալի դերը կրթության ու գիտության ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Վիեննայի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Յոհաննես Լեյտները, Պասսաուի համալսարանի պրոֆեսոր Ֆլորենս Ռեյտները, Գդանսկի համալսարանի դասախոսներ Մագդալենա Մոսիոնեկ-Սչվեդան և Աննա Գոլեևսկան, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ Լևոն Բարխուդարյանը, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Կարեն Գրիգորյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը և ՄՏՀ ամբիոնի դասախոս Սուսաննա Աղաջանյանը ներկայացրել են իրենց փորձն ու տեսակետը, կազմակերպվել է ինտերակտիվ հարց ու պատասխան: Միջոցառման արդյունքում գիտական համայնքը (ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու հետազոտողների) խորությամբ ու համակողմանիորեն ըմբռնեցին Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերը, իսկ տվյալ ոլորտի մասնագետները հնարավորություն ստացան հայացք ձգելու և գնահատելու Հայաստանի անցյալ և ներկա արտաքին քաղաքականությունը:

Նախագծի մասնակիցները հաջորդ օրը հանդիպել են և քննարկել հետագա գործընկերային ծրագրերը։

Հիշեցնենք. «ԵՄ և ԵԱՏՄ. հակամարտության և մրցակցության միջև, մերձեցում և համագործակցություն (EUCON)»-ը «Ժան Մոնե» ցանցի նախագիծ է, որը համաֆինանսավորվում է «Էրազմուս+» ծրագրի կողմից: